ChessAcademy.am

Շախմատի ուսուցիչների հավաքագրումը, պատրաստումն ու վերապատրաստումը

Շախմատի արդյունավետ ուսուցման գործընթացի իրականացման գրավականն են հանդիսանում մանկավարժները, ում կերպարից,վարպետությունից և մասնագիտական հմտություններից շատ բան է կախված: Դասապրոցեսի կազմակերպման արդյունավետությունը ուղղակիորեն կապված է ուսուցչի որակի հետ: Հենց այս պատճառով դպրոցում շախմատի դասավանդումից ի վեր՝ սկսած 2011 թվականից մեծ ուշադրություն հատկացվեց շախմատի ուսուցիչների նախ հավաքագրման, ապա պատրաստման և վերապատրաստման խնդրին: Շախմատի՝ որպես պարտադիր առարկա դպրոցում ներդրման արդյունքում պարզ դարձավ, որ 1200-ից ավելի դպրոցների հարկ է ապահովել ուսուցիչներով և, բնականաբար, բավականին դժվար էր այդ քանակով մասնագետների հավաքագրումը: Որակյալ մասնագետների հայտնաբերումը իրականացվեց հետևյալ սկզբունքով. գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը միաժամանակյա խաղաշարեր էր անցկացնում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում՝ այցելելով մեծ ու փոքր քաղաքներն ու գյուղական համայնքները: Պրն. Լպուտյանի կողմից անցկացված սեանսների արդյունքում ընտրվում էին մարդիկ, ովքեր ունեին բավարար գիտելիքներ և ըստ այդմ էլ հնարավորություն էին ստանալու վերապատրաստվել որպես շախմատի ուսուցիչներ՝ արդյունքում իրավունք ստանալով դասավանդել հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարաններում: Ապագա ուսուցիչների փնտրտուքը պահանջեց բավականին երկար ժամանակ, և որոշ դեպքերում հարկ էր լինում կազմակերպել այցեր երկրորդ կամ երրորդ անգամ: 

Գործընթացի արդյունքում հավաքագրվեցին մասնագետներ, որոնց մի մասը շախմատիստներ էին, բայց չունեին մանկավարժական աշխատանքի փորձ, իսկ մյուս մասը մանկավարժական կրթությամբ և փորձով անձինք էին, ովքեր ունեին նաև շախմատային գիտելիքներ և կարող էին վերապատրաստվել որպես «Շախմատ» առարկան դասավանդողներ: Անհրաժեշտություն կար մեծ ուշադրություն դարձնել հավաքագրված մասնագետների մանկավարժական և հոգեբանական պատրաստությանը: Այդ նպատակով ստեղծվեց մի ձեռնարկ, որը այդ մասնագետների և՛ ուսուցման համար էր, և՛ ուղեցույց էր նրանց համար՝ պատրաստվելու որակավորման քննություններին: Այդ ձեռնարկների միջոցով շախմատի ապագա ուսուցիչները ձեռք էին բերում այն նվազագույն գիտելիքները, որոնք անհրաժեշտ էին արդյունավետ դասապրոցես իրականացնելու համար: 

Այսպիսով, կազմակերպվեց ապագա ուսուցիչների հավաքագրումը, ինչի արդյունքում մարզերում ձևավորվեցին մասնագետների խմբեր: Կազմվեց ուսուցիչների վերապատրաստումների իրականացման հստակ ժամանակացույց, որով նախ Երևանում, ապա ՀՀ բոլոր մարզերում կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացները: Շախմատիստների և հոգեբանների աշխատանքային խմբերից ձևավորվեցին վերապատրաստողների առանձին 6 խմբեր, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էին շախմատի մասնագետ-վերապատրաստողը և հոգեբանը: Դասընթացները բավականին հաջող ընթացք ունեցան, և կարևոր ենք համարում նշել, որ վերապատրասման առաջին տարում հավաքագրվել էին հիմնականում շախմատի նվիրյալները, ինչի վառ ապացույցն էր այն, որ վերապատրաստման արդյունքում անհաջողության մատնվողների թիվը չնչին էր: Վերապատրաստման դասընթացներն ունեին իրենց հստակ կանոնները, և դրանց ընթացքում ըստ նախօրոք հաստատված պլանի՝ ժամանակ էր հատկացվում ինչպես շախմատի ուսուցմանը, այնպես էլ մանկավարժական հոգեբանության հիմնական սկզբունքների ուսումնասիրությանը: Վերապատրաստումներն իրականացվում էին նախօրոք մշակված դասախոսական նյութերի միջոցով, իսկ դասընթացի ավարտին կազմակերպվում էին որակավորման քննություններ: Քննության արդյունքում վերապատրաստումն անցած մասնագետները 20 միավորանոց սանդղակով գնահատվում էին, և 10 միավորի շեմն հաղթահարած անձինք իրավունք էին ստանում հանրակրթական դպրոցի 2-4-րդ դասարաններում դասավանդել «Շախմատ» առարկան: Նույն սկզբունքով վերապատրաստման դասընթացներ և որակավորման քննություններ անցկացվեցին ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում, ելնելով այն հանգամանքից, որ կար որակյալ մասնագետների քանակի ապահովման խնդիր` անցողիկ միավորի շեմը մարզերում իջեցվեց 1 միավորով և հասցվեց 9-ի:

Հարկ ենք համարում փոքր-ինչ մանրամասն անդրադառնալ վերապատրաստումների հոգեբանական բաղադրիչին. հոգեբանների կողմից վերապատրաստումների իրականացման համար նախապատրաստվող նյութի կազմման դժվարությունը կայանում էր նրանում, որ հարկ էր ընտրել և մանկավարժական կրթություն չունեցող ուսուցիչներին կարճ ժամանակում ուսուցանել այն կարևորագույն սկզբունքները, որոնցով նրանք պետք է առաջնորդվեին դասապրոցեսի կազմակերպման ընթացքում, և որոնց դասավանդումը մանկավարժական բուհերում տևում էր մի քանի տարի, իսկ հոգեբանները այդ մեծ ծավալի նյութը շախմատի ուսիցիչներին մատուցելու համար ունեին շատ սեղմ ժամկետներ՝ ընդամենը մի քանի օր: Այս գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով  հենց առաջին տարում մշակվեց վերապատրաստումների մոդուլ- ծրագիրը, որը ներառում էր շախմատի ուսուցիչներին մատուցվելիք ամբողջ նյութը: Բացի վերապատրաստման մոդուլ-ծրագրի կազմումից՝ առաջին իսկ տարում զուգահեռ հրատարակվեց նաև շախմատի ուսուցիչների համար նախատեսված ուղեցույց-ձեռնարկը, որտեղ ներկայացված էին աշակերտների տարիքային առանձնահատկությունները և նրանց բնութագրերը, ինչպես նաև անդրադարձ էր կատարված դասարանի՝ որպես առանձին սոցիալական խմբի բնորոշ գծերին:

Այսպիսով, մեծ թվով ուսուցիչներ մասնակցեցին վերապատրաստման դասընթացներին, և փորձը ցույց տվեց, որ վերապատրաստումներն ունեցան իրենց ահռելի դրական ազդեցությունը ինչպես ոչ մանկավարժ, այնպես էլ մանկավարժի որակավորում ունեցող շախմատի ուսուցիչների պատրաստման վրա: Բավականին դժվար էր մանկավարժական կրթություն չունեցող մասնագետ-շախմատիստներին համոզել, որ շախմատի դասավանդման առաջնային նպատակը ոչ թե տաղանդավոր շախմատիստների հայտնաբերումը և մարզումն է, այլ շախմատի միջոցով կրտսեր դպրոցականների մտածողության, ինչպես նաև որպես հասարակության ինքնուրույն անհատի զարգացումը:

Բացի ամեն տարի կազմակերպվող վերապատրաստման դասըթացներից՝ տարին երկու անգամ Երևանում, ՀՀ բոլոր մարզերում և Արցախում կազմակերպվում են նաև խորհրդատվություններ, որոնց ընթացքում քննարկվում են դասավանդման ընթացքում առաջացած խնդիրներն ու հարցերը, և ըստ այդմ՝ մասնագետ-հոգեբանները ուղորդում են ուսուցիչներին՝ հաղթահարելու այդ խնդիրները: 

 




Developed by LAB64 LLC