Շախմատի ազդեցությունը աշակերտների անհատական հոգեբանության զարգացման վրա. մասնագետ-հոգեբանի դիտարկումները
«Շախմատը դպրոցում» ծրագրի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հոգեբանների կատարած աշխատանքին: Այդ նպատակով զրուցեցինք ՀՀ Կրթության Ազգային Ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հոգեբան Կարինե Խուդաբախշյանի հետ: Կարինեն դեռևս 2007թ.-ից աշխատում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտում որպես հոգեբան, իսկ արդեն 2011թ.-ին նա և մի քանի այլ հոգեբաններ գործուղվում են Հայաստանի շախմատի ակադեմիա՝ ուսումնասիրելու համագործակցության հնարավոր ուղիները և ապագա համատեղ աշխատանքը:
Ինչպես իր խոսքի սկզբում նշում է տիկին Խուդաբախշյաը, կրթական համակարգի ստեղծման նպատակը ամփոփվում է հետևյալ գաղափարով. նպաստել կիրթ, բանիմաց, մտածող հասարակության ստեղծմանը, որին հասնելու համար կրթական համակարգերը անընդհատ փոփոխվում են իրենց ծրագրերով և դրանցում կատարվում են նորամուծություններ։ Հայաստանի Հանրապետության կրթական ծրագրերում ևս վերջին 25 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ և նորամուծություններ, որոնք նպատակ են ունեցել նպաստել պատանի և երիտասարդ սերնդի մտավոր զարգացմանը, գիտելիքների ձեռքբերման առավել հետաքրքիր և արդյունավետ մեթոդների մշակմանը։ Շախմատ առարկան, մուտք գործելով հանրակրթական ոլորտ որպես նոր առարկա, ինքնանպատակ չեր: Դա իրականացվեց որպեսզի առարկայի ուսուցման միջոցով օգնենք կրտսեր դպրոցականին՝ առավել դյուրին և հետաքրքիր ճանապարհով ձևավորել և զարգացնել մտածողությունը, տրամաբանությունը, վերլուծելու կարողությունը, պատկերավոր մտածողությունը, ինքնուրույն աշխատելու և պատասխանատվություն կրելու հմտությունները, ինչպես նաև ձեռք բերել այնպիսի անձնային որակներ, որոնք անհրաժեշտ են հասարակության մեջ լիարժեք ներկայանալու և անհատական շփումների կարգավորման համար։ Հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի կայացման գործում կարևորվել են հետևյալ գործոնները՝
- Առարկայի ուսումնական նյութերի ստեղծումը,
- Դասավանդող ուսուցիչների իրազեկումը և պատրաստումը,
- Դպրոցներում դասարանների ստեղծումը, այսինքն՝ համապատասխան դասարանների կահավորումը և առարկան դասավանդելու համար անհրաժեշտ իրերի ձեռքբերումը (հատուկ սեղան-նստարաններ, շախմատի խաղատախտակներ և խաղաքարեր, ցուցադրական գրատախտակներ և այլն),
- Հասարակության և հատկապես ընտանիքի ու ծնողների իրազեկումը՝ նոր առարկայի նպատակների և գործընթացի վերաբերյալ։
Այսպիսով, շախմատի՝ որպես կրթական առարկայի կայացման նպատակով իրականացված երկարատև աշխատանքի առաջին փուլում ձևավորվում է աշխատանքային խումբ, որը բաղկացած էր 5 մասնագետից, ովքեր շախմատի՝ որպես կրթական առարկայի կիրառման պատասխանատուներն էին և որոնցից յուրաքանչյուրը զբաղվում էր շախմատի ոլորտում հետազոտական աշխատանքներով: Հոգեբանների առջև որպես գերակա խնդիր դրվում է առաջին հերթին փորձարկել հանրակրթական դպրոցի շախմատ առարկայի երկրորդ դասարանի դասագիրքը, որով այդ և հաջորդ տարիներին կազմակերպվում է ուսուցումը կրտսեր դպրոցում:
Շախմատի, որպես կրթական առարկայի կայացման առաջին մարտահրավերը, ըստ տիկին Կարինեի, կայանում էր նրանում, որ հարկ էր հավուր պատշաճի մատուցել այն դասապրոցեսի միջոցով, իսկ դրան խանգարում էր այն, որ շախմատը ընկալվում էր որպես խաղ, և պետք էր բավականին մեծ աշխատանք կատարել՝ հասարակության մեջ փոխելու այն մտայնությունը, որ շախմատը ոչ միայն խաղ է, այլև դպրոցական առարկա և պետք է այլ առարկաների կողքին ուսուցանվի տարրական դասարաններում: Այս ուղղությամբ դրական փոփոխություններ կատարելու նպատակով՝ շախմատ առարկայի դպրոցական դասագիրքը փորձարկող մասնագետները կատարեցին հետևյալը. նրանք դասագրքի փորձարկումն իրականացրեցին միաժամանակ երկու սկզբունքով՝ ուսումնասիրելով դրա կիրառությունը այն պարագայում, երբ շախմատը դասավանդվում էր հմուտ և փորձառու մանկավարժի կողմից, ապա նաև ուսումնասիրվեց դասագրքի դասավանդումը այն ուսուցիչների կողմից, ովքեր տիրապետում էին շախմատին, բայց չունեին մանկավարժական գործունեության հարուստ փորձ և որոնց համար շախմատը առաջին հերթին խաղ էր, ապա նոր միայն դպրոցում դասավանդվող առարկա: Եվ, ինչպես որ կանխատեսում էին մասնագետները, դասավանդման մեթոդների ճիշտ ընտրման հետ կապված դժվարություններ առաջանում էին այն ուսուցիչների մոտ, ովքեր շախմատիստներ էին, բայց չունեին մանկավարժի որակավորում: Հոգեբանների գերակա նպատակն էր կողմնորոշել այս մասնագետներին և պատրաստել նրանց որպես շախմատի ուսուցիչներ՝ նրանց օգնելով դասի վարման արդյունավետ հմտությունների և մեթոդների յուրացման գործում, որի ժամանակ շեշտը կդրվեր դասապրոցեսի՝ աշակերտների համար հետաքրքիր և մատչելի կազմակերպման վրա:
Հետքրքրական է ուսումնասիրության ժամանակ պարզ դարձած այն փաստը, որ փորձառու մանկավարժի դեպքում դասապրոցեսի արդյունավետությունը գոհացնող էր անգամ 40 աշակերտի ներկայության պայմաններում, իսկ շախմատիստ, բայց ոչ մանկավարժ ուսուցիչների դեպքում երբեմն զգալի դժվարություններ էին առաջանում, անգամ եթե դասարանում սովորում էին 15-20 աշակերտներ: Այս խնդրի հաղթահարման նպատակով յուրաքանչյուր դասի վարման ընթացքում հոգեբանները և շախմատիստ – մասնագետները անց էին կացնում դասալսումներ, իսկ դասի ավարտին ուսուցչի և մասնագիտական խմբի մասնակցությամբ տեղի էր ունենում քննարկում, որի ժամանակ վեր էին հանվում այն բացթողումները, որոնց շտկման արդյունքում դասի կազմակերպումը ավելի արդյունավետ կդառնար: Դասալսումները իրենց դրական արդյունքներն են տալիս այն իմաստով, որ հոգեբանի կողմից դասալսումների ընթացքում ի հայտ են գալիս հոգեբանամանկավարժական խնդիրներ, որոնց ճիշտ լուծումներ տալու գործում դրական ազդեցություն է ունենում տվյալ ուսուցչի հետ համատեղ զրույցը և քննարկումը, և քանի որ նման խնդիրներ կարող են առաջանալ նաև այլ դասարաններում և նույն խնդիրների հետ կարող են առնչվել նաև այլ ուսուցիչներ, ուստի առաջացած խնդիրները, որպես իրական դեպքերի նմուշ-օրինակներ, ներկայացվում են խորհրդատվությունների և վերապատրաստումների ընթացքում՝ դրանց վերաբերյալ քննարկումներ կազմակերպելով բոլոր ուսուցիչների հետ: Ստեղծված իրավիճակի շուրջ մասնակիցները բարձրաձայնում են իրենց կարծիքները և մոտեցումները, ինչից հետո հոգեբանը և մանկավարժը փորձում են տալ լուծման լավագույն ուղիների տարբերակները: Հոգեբանները ուսուցչի հետ հիմնականում քննարկում էին կրտսես դպրոցի աշակերտների տարիքային հոգեբանությանն առնչվող առանձնահատկությունները և նրանց հետ տարվող աշխատանքի արդյունավետ մեթոդները: Այս աշխատանքները տևեցին երկուսուկես ամիս և այդ ընթացքում բավականին մեծ թվով շախմատի ուսուցիչներ ձեռք բերեցին երեխաների հետ ճիշտ հաղորդակցվելու և շախմատ հնագույն խաղը որպես դպրոցական առարկա մատուցելու կարևորագույն հմտությունները:
Հոգեբանների կողմից իրականացված հաջորդ քայլը շախմատի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ծրագրի մշակումը և իրականացումն էր: Սա բավականին բարդ և ժամանակատար աշխատանք էր, քանի որ շախմատը, որպես դպրոցական առարկա, լինելով նորություն, պահանջում էր իր տեսակի մեջ առանձնահատուկ մոտեցում: Հոգեբանների կողմից վերապատրաստումների իրականացման համար նախապատրաստվող նյութի կազմման դժվարությունը կայանում էր նրանում, որ հարկ էր ընտրել և մանկավարժական կրթություն չունեցող ուսուցիչներին կարճ ժամանակում ուսուցանել այն կարևորագույն սկզբունքները, որոնցով նրանք պետք է առաջնորդվեին դասապրոցեսի կազմակերպման ընթացքում և որոնց դասավանդումը մանկավարժական բուհերում տևում էր մի քանի տարի, իսկ հոգեբանները այդ մեծ ծավալի նյութը շախմատի ուսիցիչներին մատուցելու համար ունեին շատ սեղմ ժամկետներ՝ ընդամենը մի քանի օր: Այս գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով հենց առաջին տարում մշակվեց վերապատրաստումների մոդուլ- ծրագիրը, որը ներառում էր շախմատի ուսուցիչներին մատուցվելիք ամբողջ նյութը: Բացի վերապատրաստման մոդուլ-ծրագրի կազմումից՝ առաջին իսկ տարում զուգահեռ հրատարակվեց նաև շախմատի ուսուցիչների համար նախատեսված ուղեցույց-ձեռնարկը, որտեղ ներկայացված էին աշակերտների տարիքային առանձնահատկությունները և նրանց բնութագրերը, ինչպես նաև անդրադարձ էր կատարված դասարանի՝ որպես առանձին սոցիալական խմբի բնորոշ գծերին:
Մեծ թվով ուսուցիչներ մասնակցեցին վերապատրաստման դասընթացներին, և փորձը ցույց տվեց, որ վերապատրաստումներն ունեցան իրենց ահռելի դրական ազդեցությունը ոչ մանկավարժ շախմատի ուսուցիչների պատրաստման վրա: Առաջին հերթին բավականին դժվար էր մանկավարժական կրթություն չունեցող մասնագետ-շախմատիստներին համոզել, որ շախմատի դասավանդման առաջնային նպատակը ոչ թե տաղանդավոր շախմատիստների հայտնաբերումը և մարզումն է, այլ շախմատի միջոցով կրտսեր դպրոցականների մտածողության, ինչպես նաև՝ որպես հասարակության ինքնուրույն անհատի զարգացումը: Վերապատրաստումները տևում էին 3 օր, իսկ չորրորդ օրը տեղի էր ունենում քննությունը, որի միջոցով ստուգվում էին վերապատրաստումների արդյունքում մասնագետների ձեռք բերած գիտելիքները: Ստուգվում էին նրանց ինչպես շախմատային մասնագիտական գիտելիքները, այնպես էլ հոգեբանամանկավարժական ունակությունները: Քննությունը բարեհաջող հանձնած մասնագետները ստանում էին շախմատը դպրոցում 1-3 տարի ժամկետով դասավանդելու իրավունք՝ կախված քննության արդյունքներից: Վերապատրաստման այս դասընթացները կրեցին շարունակական բնույթ և այժմ էլ իրականացվում են տարին 4 անգամ:
Բացի ամեն տարի կազմակերպվող վերապատրաստման դասըթացներից՝ տարին երկու անգամ Երևանում, ՀՀ բոլոր մարզերում և Արցախում կազմակերպվում են նաև խորհրդատվություններ, որոնց ընթացքում քննարկվում են դասավանդման ընթացքում առաջացած խնդիրներն ու հարցերը, և ըստ այդմ՝ մասնագետ-հոգեբանները ուղորդում են ուսուցիչներին՝ հաղթահարելու այդ խնդիրները: «Շախմատը դպրոցում» ծագրի իրականացման համար պատասխանատու հոգեբանները ծրագրի կիրառումից ի վեր կատարել են նաև մի շարք հետազոտություններ, որոնցից առաջինը նախապատրաստվել է 2011թ.-ին և իրականցվել 2012-2013թթ. ուս.տարում: Ծրագրի իրականացման նախնական փուլում կատարված հետազոտության էությունը կայանում էր նրանում, որ կազմվել է հարցաթերթիկ, որը բաժանվել է Երևանում և ՀՀ մարզերում շախմատ դասավանդող ուսուցիչներին և տարրական դասարանների դասվարներին՝ նպատակ ունենալով հարցաթերթիկի միջոցով պարզել նրանց կարծիքը շախմատ առարկայի մասին, ինպես նաև մոտեցումը շախմատ առարկայի՝ դպրոց մուտք գործելու կարևորության վերաբերյալ: Հարցաթերթիկը հնարավորություն էր տալիս նաև կիսվել առաջարկություններով և շախմատի ուսուցման հետ կապված իրենց նկատառումներով, որոնք հաշվի առնելու դեպքում հնարավոր կլիներ «Շախմատը դպրոցում» ծրագիրը կազմակերպել ավելի մեծ արդյունավետությամբ: Հետազոտության արդյունքում հավաքված հարցաթերթիկների վերլուծությունը թույլ տվեց խորքային կերպով ուսումնասիրել հասարակության մի կարևոր խմբի՝ շախմատի ուսուցիչների և տարրական դասարանների դասվարների կարծիքն առարկայի վերաբերյալ: Այս հետազոտության կարևորությունը կայանում էր նրանում, որ պարզ դարձավ մասնագետների՝ շախմատի առարկայի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, ինչը շատ մեծ նշանակություն ունի այն իմաստով, որ առարկայի դասավանդման և կայացման հաջողությունը մեծապես պայմանավորված է ուսուցչի գործոնով, և եթե վերջինը չգիտակցի իր կողմից դասավանդվող առարկայի կարևորությունը, ապա գործընթացն արդյունավետ ընթացք չի կարող ունենալ:
Բացի նշված հետազոտությունից, որը թույլ տվեց պարզել ուսուցիչների կարծիքը, կատարվել է նաև հասարակության մեկ այլ շատ կարևոր խմբի՝ ծնողների կարծիքի հիմնավոր ուսումնասիրություն: Սկզբնական շրջանում ծնողների մոտ կար այն մտայնությունը, որ տարրական դպրոցի ծրագիրը հաճախակի է փոփոխությունների ենթարկվում և երբեմն անհիմն կերպով ավելացվում է այս կամ այն առարկան: Այս առումով կար խնդիր ծնողներին հասցնել այն, որ շախմատը պատահականորեն ընտրված առարկա չէ և դրա ներդրումը տարրական դպրոցում ինքնանպատակ չէ: Հարկավոր էր իրազեկել ծնողներին, որ շախմատի ուսուցման հիմնական առաքելությունն ու նպատակն է աշակերտների մտածողության զարգացումը: Շախմատի՝ որպես հանրակրթության մաս դառնալու բավականին բարդ աշխատանքի իրականացման ընթացքում շատ կարևոր էր ծնողների տեղեկացվածության ընդլայնումը, քանի որ այս օղակի դերակատարությունը շախմատ առարկայի կայացման գործում բավականին մեծ է:
Տիկին Խուդաբախշյանն իր խոսքում նշում է այն հանգամանքը, որ սկզբնական շրջանում երբեմն հանդիպում էին դեպքեր, երբ, օրինակ, ծնողները նշում էին, որ չեն տեսնում շախմատ ուսումնասիրելու անհրաժեշտություն հատկապես աղջիկ երեխաների պարագայում, բայց մասնագետների կողմից կատարվող տարիներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում այդ մտածողությունն ու նման մտայնությունը ծնողների շրջանում փոխվեց, ինչը կարևոր ձեռքբերում կարելի է համարել: Վերոնշյալ մտայնության փոփոխության ապացույցն են 2015-16թթ. ուս.տարում Երևան քաղաքի թվով 5 դպրոցների 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում իրականացված դասալսումները, աշակերտների հետ անցկացված հարցազրույցները և բոլոր աշակերտների ծնողների հետ հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվեցին բազմաթիվ խնդիրներ՝ կապված շախմատ առարկայի ուսումնական գործընթացի կազմակերպան հետ: Հանդիպում-քննարկումներն իրականացվել են եռակողմ ձևաչափով, այսինքն՝ ներկա են գտնվել դասավանդող ուսուցիչը, տնօրինությունից որևե պատասխանատու անձ և հոգեբանը: Այս փուլում փորձել ենք նկարահանել համարյա թե բոլոր հանդիպումները և դրանք՝ ուսուցիչների հետ միասին քննարկելու արդյունքում սովորեցնել նրանց, թե ինչպես կարելի է կազմակերպել ծնողական հանդիպում՝ զուտ շախմատ առարկային առնչվող խնդիրները քննարկելու նպատակով: Այս հանդիպումների ժամանակ մինչ բուն թեմային անցնելը ներկա գտնվողներին խնդրել ենք լրացնել մի հարցաթերթիկ, որը կազմված է 16 հարցերից՝
- Նշե՛ք երեխայի սեռը,
- Երեխայի տարիքը,
- Դասարանը,
- Ընտանիքում՝ բացի երեխայից, ո՞վ է շախմատ խաղում,
- Բացի դպրոցական պարապմունքներից՝ արդյոք երեխան մասնակցում է մասնավոր պարապմունքների, և այլն:
Վերը նշված հարցաթերթիկը անփոփոխ կերպով հանդիպում-քննարկման ավարտին մեկ անգամ ևս բաժանվում էր ծնողներին, և երբ ամփոփվեցին արդյունքները, պարզեցինք, որ պատասխաները ամբողջությամբ ունեին այլ պատկեր: Սա մեկ անգամ ևս փաստեց, որ շատ կարևոր է ծնողի և ընտանիքի իրազեկվածությունը որևէ առարկայի շուրջ, և կարևոր է տվյալ առարկան դասավանդող մասնագետի հանդիպումը հատկապես այն ծնողների հետ, ում երեխան առաջին անգամ պետք է սկսի ուսումնասիրել և սովորել առարկան: Կարևոր է նշել այն, որ երեխայի մոտ շախմատ ուսումնասիրելու արդյունքում զարգանում են մի շարք այնպիսի անհատական որակներ, ինչպիսիք են ինքնուրույնությունը, կամքի ուժը, սեփական քայլերն հաշվարկելու կարողությունը, ինչպես նաև մրցակցության ոգին և անընդհատ կատարելագործվելու հատկանիշը: Այն օգնում է ճիշտ որոշումներ կայացնել, արագ կողմնորոշվել՝ ճանաչելով անձնական կարողությունները: Շախմատն օգնում է երեխային, որ բարդ իրավիճակներում կարողանա ինքնուրույն վերջնական որոշումներ կայացնել, կշռադատված քայլեր կատարել, զգալ ժամանակի կարևորությունը և սեփական քայլերը ծրագրել այնպես, որպեսզի ցանկացած պարագայում գոհանա իր կայացրած որոշման արդյունքով և պատասխանատվություն կրի իր կատարած քայլերի համար: Շախմատը մարդուն դարձնում է ինքնավստահ, բայց ոչ գոռոզամիտ:
Որպես զրույցի ամփոփում՝ Կարինե Խուդաբախշյանը շեշտեց նաև, որ միակ խնդիրը, որը դրված է «Շախմատը դպրոցում» ծրագիր առջև մոտակա մի քանի տարիների ընթացքում, ոլորտում արդեն ձեռք բերված հաջողությունները էլ ավելի զարգացնելու նպատակով՝ որակյալ մանկավարժների պակասի լրացումն է: Եթե մենք կարողանանք մոտակա երկու տարիների ընթացքում հասնել այն բանին, որ շախմատ դասավանդող ուսուցիչների 80 տոկոսը լինեն մանկավարժ-շախմատիստներ, ապա մենք կկարողանանք կրկնապատկել մեր հաջողությունները շախմատի ոլորտում: Մանկավարժ- շախմատիստներին բնորոշ լավագույն գծերը պետք է լինեն համբերատարությունը, աշակերտների հետ արդյունավետ շփում կազմակերպելու հմտությունը, աշակերտի հետ շփման ընթացքում հաճախ հավասարը հավասարի հետ հարաբերվելու, արդարացի գնահատելու ունակությունները, ինքնավստահությունը և այլն: Դրան զուգահեռ անհրաժեշտ է նաև ծնողների իրազեկման շարունակական գործընթացի իրականացումը, որովհետև, չնայած արդեն 5 տարի է՝ շախմատը դպրոցական ուսումնակա պլանի մաս է, սակայն դեռևս կան ծնողներ, որոնք հստակ չեն պատկերացնում շախմատի՝ որպես կրթական առարկայի ունեցած առաքելությունը և չեն գիտակցում, թե ինչպիսի դրական ազդեցություն կարող է ունենալ շախմատը երեխայի մտածողության զարգացման վրա: Հոգեբանների՝ տարիներ շարունակ կատարած աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ հավուր պատշաճի իրազեկումը կարևոր ազդեցությունէ ունենում շախմատի նկատմամբ ծնողների ունեցած վերաբերմունքի վրա:
Հեղ.՝ Տաթև Խաչատրյան