ChessAcademy.am

Շախմատի հանրակրթական դասագիրքը և դրա առանձնահատկությունները հայագետ, դասագրքի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանի դիտարկմամբ

 

«Շախմատ» առարկայի հանրակրթական դասագրքի խմբագրման աշխատանքները ղեկավարել է հայագետ, «Կրթություն» շաբաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը, ում համագործակցությունը Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ սկսվել է դեռևս տարիներ առաջ, երբ ակադեմիայի հիմնադիր- նախագահ Սմբատ Լպուտյանը պրն. Մինասյանի հետ կիսվեց ակադեմիայի հիմնադրման գաղափարով, որն էլ իրականություն դարձավ ՀՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ: 

1993թ.-ից, երբ պրն. Մինասյանը Երևանի Սպանդարյանի շրջանի ժողկրթբաժնի վարիչն էր, իր ենթակայության տակ գտնվող դպրոցներում՝ որպես նախասիրական առարկա սկսում է դասավանդվել շախմատը, և վերջինը, պրն. Մինասյանի շնորհիվ, մասամբ դառնում է ուսումնական պլանի մաս՝ Երևանի կենտրոնի մի քանի դպրոցներում: Իհարկե, շախմատը այդ ժամանակ դեռևս չէր դիտարկվում որպես առանձին հանրակրթական առարկա՝ նախարարության կողմից հաստատված ծրագրով: Ավելի ուշ պրն. Մինասյանը մասնակցություն է ունենում «Շախմատը դպրոցում» ծրագրի կայացմանը՝ հանդիսանալով շախմատի հանրակրթական դասագրքերի գլխավոր խմբագիրը: Իր խոսքի սկզբում նա նշեց, որ դեռևս Խորհրդային Հայաստանում 70-ական թվականներին փորձ արվել է շախմատը ներդնել դպրոցական համակարգում, սակայն դա իրողություն չի դարձել: Պրն. Մինասյանի կարծիքով, այդ գաղափարի իրականացման համար անհրաժեշտ էին ոչ միայն գաղափարի նվիրյալներ, այլև այդ գաղափարի կարևորությունն ըմբռնող ղեկավարներ: 

Այսպիսով, շախմատի՝ հանրակրթական առարկա դառնալը պայմանավորված էր նախաձեռնության հեղինակ, շախմատի նվիրյալ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ջանքերով և ՀՀ նախագահ և Հայաստանի Շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ և հովանավորությամբ: Հենց այս պատճառով էլ գաղափարի իրականացումը  «դատապարված» էր հաջողության: Սմբատ Լպուտյանի ձեռնարկի հաջողությունը պայմանավորված էր նաև նրանով, որ նա հմուտ արհեստավարժությամբ օժտված թիմ հավաքեց իր շուրջը: Գրոսմայստերը կարողացավ համագործակցային բարձր մակարդակի հարաբերություններ ստեղծել ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ: Այն պետք է լիներ առաջնային սուբյեկտը, որը պատասխանատվություն պետք է ստանձներ «Շախմատը դպրոցում» ծրագրի իրականացման համար: Ծրագրի հաջողությունն ուղղակիորեն կապված էր նաև «Շախմատ» առարկայի դասավանդման դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների, վարժությունների տետրերի հետ, որոնց ստեղծման կարևոր գործընթացին հիմնական հեղինակ Համլետ Թումանյանից բացի՝ նարգրավվեցին ոլորտի մի շարք ներկայացուցիչներ: Նրանց թվում էր վերոնշյալ գրքերի գլխավոր խմբագիր պրն. Մինասյանը: Այդ թիմում կողք կողքի աշխատում էին և՛ շախմատիստ- մեթոդիստներ, և՛ շախմատային մեկնաբաններ ու լրագրողներ: Շախմատի ուսուցմանը զուգահեռ ՀՊՄՀ-ի հետ համագործակցությունը եկավ ամբողջացնելու շախմատի վերաբերյալ կատարվող ուսումնասիրությունները: Փաստորեն արվեց ամեն ինչ և՛ իրավաբանորեն, և՛ մանկավարժահոգեբանորեն ամուր հիմքերի վրա դնելու շախմատի ուսումնական գործընթացը: Գիտական հիմնավորումները շախմատի՝ դպրոցում ուսուցման արդյունավետության վերաբերյալ, որը տալիս էին հոգեբան և սոցիոլոգ մասնագետները, է՛լ ավելի նշանակալի դարձրին «Շախմատ» առարկայի դերը, և շախմատի ուսուցման գործընթացը դարձավ անշրջելի մի փաստ, և ինչպես մի առիթով նշել է ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը՝ շախմատը դարձավ Հայաստանի բրենդը աշխարհում:

Այսպիսով, 2-4-րդ, ինչպես նաև 5-9-րդ դասարանների դասագրքերի վրա աշխատող խմբագրական խմբի ղեկավարությունը ստանձնում է հայագետ Գագիկ Մինասյանը: Պրն. Մինասյանի պնդմամբ աշխատանքը ինքնին այնքան հետաքրքիր էր խմբագրական ողջ խմբի համար, որ թույլ էր տալիս շատ դեպքերում իմպրովիզացիաներ անել, համատեղ ստեղծագործել, փորձի փոխանակում իրականացնել խմբի ներսում՝ նպաստելով իրենց իսկ մասնագիտական որակների կատարելագործմանը: Այդ համագործակցության արդյունքում Համլետ Թումանյանի հեղինակությամբ ստեղծվեցին 2-4-րդ դասարանների դասագրքերը և 5-9-րդ դասարանների ձեռնարկը: Այժմ խմբագրական կազմն իր առջև խնդիր է դրել իրականացնել հանրակրթական դասագրքերի վերափոխված հրատարակությունը, քանի որ կան մի շարք շտկումներ, ինչպես նաև ավելացումներ, որոնք կարելի է անել՝ նպատակ ունենալով կատարելագործել շախմատի դասագրքերը: 

Հայագետի խոսքով, Հայաստանում շախմատային տեսական դպրոցը այնքան էլ զարգացած չէ, և մենք, լինելով խորհրդային շախմատային դպրոցի հետևորդներ, շախմատի դասագրքերի մշակման ժամանակ չէինք կարող չհանդիպել մի շարք տերմինների հայերեն թարգմանության հետ կապված խնդիրների: Եվ այս պատճառով խմբագիրների խմբի ներսում գրքի մշակման ընթացքում մասնագիտական վեճեր էին ծավալվում այս կամ այն տերմինի հայերեն թարգմանության հետ կապված: Տերմինների հայերեն թարգմանության հետ կապված կար նաև խնդիր՝ առիթ չտալու հասարակական ընդդիմության ձևավորման համար, քանի որ կային տերմիններ, որոնց որոշակի տարբերակներ արդեն ծանոթ էին շախմատային հասարակությանը և նորությունների ներմուծումը կարող էր դիմադրության հանդիպել: Պետք էր այս համատեքստում փորձ անել զարգացնելու հայկական շախմատային տերմինաբանությունը: Խնդրին հետամուտ՝ պարոն Մինասյանն առաջարկել է և համոզել խմբին՝ ընտրել մի շարք տերմինների իր տարբերակները: Օրինակ՝ գրքում օգտագործված է «սատարման դաշտ» շախմատային տերմինը, որը նախկինում հայերեն թարգմանվել է որպես «բանալի դաշտ»՝ հիմք ընդունելով ռուսերեն “ключевое поле” արտահայտության բառացի թարգմանությունը: Սակայն այդ տեմինի բովանդակային վերլուծության արդյունքում ընտրվեց «սատարման դաշտ» տարբերակը: Նույն սկզբունքով գրքում կարելի է հանդիպել «մահապարտ նավակ» եզրույթին: Գրքում «դիագրամմա» բառի փոխարեն կիրառված է «տրամագիր» տերմինը, որն առաջին անգամ օգտագործվել է հենց շախմատի և ապա կիրառվել նաև բնագիտական առարկաների մի շարք նոր դասագրքերում: Այս և մի շարք այլ տերմինների թարգմանության շուրջ մասնագիտական բուռն քննարկումներ էին տեղի ունենում: 

Պրն. Մինասյանը նշեց, որ, օրինակ, ինքն ուներ գաղափար շախմատ խաղի երկու ամենակարևոր խաղաքարերից մեկը՝ թագուհին, հայկական դասագրքում կոչել «սպարապետ»: Ինչպես գիտենք, պարսկերենում այդ խաղաքարը կոչվում է «ֆերզ», որը նշանակում է վեզիր, ով շահից հետո երկրորդ մարդն է երկրում, ֆրանսիացիներն այդ խաղաքարը կոչում են «գաղդե», այսինքն՝ կարդինալ, ով նույնպես երկրորդ դեմքն էր թագավորից հետո, և միայն խաղի անգլերեն տարբերակում է, որ ամենաուժեղ խաղաքարը կոչվում է թագուհի՝ queen: Հաշվի առնելով այս հանգամանքը և խաղաքարի՝ արևելյան լեզուներում գոյություն ունեցող անվանումները՝ պրն. Մինասյանը առաջարկում էր հայերենում այդ խաղաքարը կոչել «սպարապետ»: Սակայն հաշվի առնելով, որ այս նորույթը առիթ կտար՝ ոչ միանշանակ արձագանքի, որոշվեց եզրույթի կիրառումը թողնել ապագային: Եվ իսկապես, եթե շախմատը համեմատենք ռազմական արվեստի հետ և շախմատի խաղատախտակը պատկերացնենք որպես ռազմի դաշտ, որտեղ զորքի գլխավոր հրամանատարն է ամենաուժեղ խաղաքարը, ապա հայերենում այդ խաղաքարի անվանումը կարող է լինել սպարապետ: Ինչպես հայտնի է, մեզանում ավանդաբար սպարապետը եղել է զորքի հրամանատարը և երկրորդ դեմքը թագավորից հետո: Այսպիսով, խաղաքարի «սպարապետ» անվանման դեպքում անվանումը կբխեր խաղաքարի բուն էությունից և կատարած գործառույթից, սակայն, զգուշանալով այն բանից, որ թարգամանության այդ տարբերակը կարող է անակնկալ լինել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի շախմատիստների համար և ընդդիմություն ձևավորել նրանց շրջանում՝ ստեղծելով համընդհանուր դժգոհության ալիք, այս նորարարությունը առայժմ չներառվեց հանրակրթական դասագրքերում:

Գրքի մշակման ընթացքում հեղինակները ոչ մի այլ հեղինակի դասագրքից չեն օգտվել, և քանի որ շախմատի հանրակրթական դասագիրքը իր տեսակի մեջ առաջինն էր, փորձ է արվել ստեղծել մի յուրատեսակ դասագիրք, որի մեջ զետեղված բոլոր գաղափարները հեղինակային են: Գրքի մասին թե՛ հայ, և թե՛ արտասահմանցի մասնագետների դրական արձագանքները հիմք են տալիս վկայել, որ գրքի ստեղծման վրա աշխատող թիմը հաջողել է՝ իր առջև դրված խնդրի կատարման գործում: Հարկ է նշել, որ գրքի հեղինակ Համլետ Թումանյանը, փաստորեն, ներկայացրել է գրքի մեջ զետեղված խնդիրների շարքը, իսկ փորձառու մեթոդիստների և հայագետի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է ողջ լեզվական շարադրանքը, առանց որի գիրքը ուղղակի կկորցներ իր հանրակրթական գործառույթները՝ մնալով որպես լոկ խնդրագիրք, բայց ոչ դասագիրք:

Խոսելով դասագրքի հասցեին երբեմն հնչող քննադատության մասին, ըստ որի վերջինը բավականին բարդ է կրտսեր դպրոցականների համար՝ պրն. Մինասյանը ասաց, որ դա հիմնականում կապված է ոլորտում առկա մեկ այլ խնդրի, այն է՝ որակյալ մասնագետների պակասի հետ: Այն ուսուցիչները, ում մասնագիտական որակները չեն ներում գրքում առկա բարդ խնդիրները լուծելու համար, ստեղծում են այդ թյուր կարծիքը: Իր այս պնդումն հիմնավորելու նպատակով՝ պրն. Մինասյանն անդրադարձավ մեթոդիստ-մանկավարժ Սամվել Միսակյանի հետ իրենց կատարած մի փորձարկման: Ընտրելով Սյունիքի մարզի և Արցախի դպրոցները՝ նրանք շախմատի դպրոցական դասընթացի ուսուցում են կազմակերպել, և դպրոցի աշակերտների հետ դասը վարել է Սամվել Միսակյանը, ինչի ընթացքում երեխաներին ուսուցանվել են հանրակրթական դասագրքերում առկա ամենաբարդ դասերը, արդյունքում 2-4-րդ դասարաններում սովորող աշակերտների 90%-ի կողմից դրանք լավագույնս ընկալվել են: Այսինքն՝ փորձը ցույց տվեց, որ խնդիրը ոչ թե դասագրքերի, այլ դրանք աշակետներին մատուցող ուսուցիչների մեջ է:

«Շախմատ» առարկայի ուսուցման հայեցակարգի հիմքում, ըստ պրն. Մինասյանի, դրված է աշխարհահռչակ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի` թևավոր խոսքի վերածված այն գաղափարը, համաձայն որի շախմատը և՛ սպորտ է, և՛ գիտություն, և՛ արվեստ, իսկ երեխային անհրաժեշտ է այդ 3 բնույթի տարրերի հետ շփումը միաժամանակ, ինչն էլ ապահովում է շախմատի դասագիրքը: 
Որպես ապագայում կատարվելիք աշխատանք՝ պրն. Մինասյանն առանձնացրեց շախմատի հանրակրթական դասագրքերի վերախմբագրումն ու վերահրատարակումը, ինչը թույլ կտա դրանք էլ ավելի հարմարեցնել կրտսեր դպրոցականի պահանջներին և նպաստել նրանց ինտելեկտի և մտավոր կարողությունների համաչափ զարգացմանը:

Պրն. Մինասյանն իր խոսքն ամփոփեց՝ անդրադառնալով այն գաղափարին, որ վաղուց ի վեր շախմատը հանդիսացել է ռազմարվեստի մանրակերտ և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ուսանելի կլիներ առարկան ներդնել նաև ՀՀ ռազմական ուսումնական հաստատություններում՝ որպես պարտադիր ուսումնական առարկա, և այդ նպատակով հարկ կլիներ մշակել ևս մեկ դասագիրք՝ արդեն ռազմարվեստ ուսումնասիրող ուսանողների և ՀՀ զինված ուժերի ապագա սպաների համար: 

Հեղ․՝ Տաթև Խաչատրյան 

 

 




Developed by LAB64 LLC