ChessAcademy.am

«Շախմատը դպրոցում» ծրագրի իրականացման ուղիները փորձառու մանկավարժ-մեթոդիստի տեսանկյունից


«Շախմատը դպրոցում» ծրագրի նախապատրաստման և իրականացման գործընթացի, ինչպես նաև առկա ծրագրերի մասին զրույցը ՀՊՄՀ դասախոս, մաթեմատիկոս և մեթոդիստ Սամվել Միսակյանի հետ թույլ կտա պարզել մինչ այսօր կատարված աշխատանքների ընդհանուր պատկերը և այդ նպատակով անդրադարձ կկատարվի ինչպես շախմատի՝ որպես հանրակրթական առարկայի ներդրման և կայացման տարիներ տևած աշխատանքներին, այնպես էլ առկա մարտահրավերներին և ընթացիկ խնդիրներին: Նախ պրն. Միսակյանն իր խոսքում նշեց, որ մինչ շախմատի դպրոց մտնելը ինքը մաթեմատիկա առարկային զուգահեռ շախմատ էր դասավանդում դպրոցում, բայց դասընթացին մասնակցում էին ոչ թե բոլոր աշակերտները, այլ միայն նախապես ընտրված օժտված երեխաները, ովքեր ցանկանում էին խորացնել սեփական գիտելիքներն այս ուղղությամբ: Ավելի ուշ պրն. Միսակյանը հրավեր է ստանում «Շախմատը դպրոցում» ծրագրի գաղափարի առաջամարտիկ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանից՝ մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցող քննարկումներին և խորհրդակցություններին, որոնց մասնակցում էին ինչպես կրթության ոլորտի մի շարք նվիրյալներ, այնպես էլ շախմատի մարզիչներ և հոգեբաններ: Պրն. Միսակյանը նշում է, որ չնայած գաղափարի նկատմամբ ոգևորությունը շատ մեծ էր՝ կար նաև վախ կապված գաղափարի իրագործման ճանապարհին հնարավոր դժվարությունների հետ՝ հաշվի առնելով  հատկապես այն հանգամանքը, որ օրինակ՝ դեռևս Խորհրդային Միությունում շախմատ առարկայի դպրոց ներդրման փորձը ցանկալի արդյունք չէր տվել և չէր հաջողվել գոնե մեկ տարի շախմատը դասավանդել հանրակրթական դպրոցներում՝ որպես պարտադիր ուսուցանվող առարկա: Այս առումով հենց սկզբից էլ պարզ էր այն, որ հետևողական և շատ ծանր աշխատանք էր սպասվում գաղափարի իրագործման ակունքներում կանգնած մանասգետների խմբին, ինչը թույլ կտար խուսափել հնարավոր ձախողումից ու տեսնել սեփական աշխատանքի ցանկալի պտուղները:

Այսպիսով, 2010թ.-ից, հիմք ընդունելով Կառավարության համապատասխան որոշումը շախմատն ընդգրկել հանրակրթական դպրոցի կրտսեր օղակի երկրորդից չորրորդ դասարանների ուսումնական պլանի մեջ, համապատասխան մասնագետների խումբը սկսում է կանոնավոր հանդիպումների շարքը Հայաստանի շախմատի ակադեմիայում Սմբատ Լպուտյանի անմիջական ղեկավարությամբ: Առաջին հերթին ձևավորվում է դասագրքաստեղծման աշխատանքային խումբը, որը  քննարկումներ է ունենում շախմատի ապագա դասագրքերի հեղինակ Համլետ Թումանյանի հետ, ով հանդիպում- քննարկումների ընթացքում ներկայացնում էր դասերի նմուշ- օրինակներ՝ հաշվի առնելով մասնագետների կողմից հնչող նկատառումներն ու կարծիքները:

Պրն. Միսակյանը մեզ հետ զրույցում շեշտեց այն հանգամանքը, որ դասագրքերի հեղինակի կողմից ցուցաբերվել է առաջադիմական յուրօրինակ մոտեցում՝ շախմատի ուսուցման արդեն գոյություն ունեցող դասագրքերի ստեղծման հիմքում եղած սկզբունքների համեմատ, ինչի արդյունքում շախմատի ուսուցման հայկական առաջին դասագիրքը նորարարություն կարող ենք համարել: Ավելի ուշ՝ 2011թ.-ի սկզբից, համակարգված ձևով իրենց երկարատև համագործակցությունն են սկսում ինչպես դասագրքաստեղծման, այնպես էլ հոգեբանների և շախմատիստների աշխատանքային խմբերը, որոնք իրենց ամենօրյա հանդիպումների արդյունքում պետք է իրականություն դարձնեին «Շախմատը դպրոցում» հավակնոտ ծրագիրը:

Առաջին տարում պրն. Միսակյանը ընդգրկվում է շախմատիստների խմբում, ապա նաև անմիջական մասնակցություն է ունենում դասագրքաստեղծման աշխատանքներին: Գաղափարի իրականացման առաջին տարում դասագրքաստեղծման խումբը զբաղված էր դասերի մշակմամբ, որոնք իրենց տեղն էին գտնելու հանրակրթական դասագրքերում: Ահռելի աշխատանք էր պահանջում նաև աշխատանքային տետրերի և ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկների պատրաստումը: Վերջինները ինչպես ուղղորդող, այնպես էլ ուսուցողական նշանակություն ունեն շախմատի ուսուցիչների համար և այժմ, երբ հետադարձ հայացքով գնահատում ենք դրանց որակը, կարող ենք վստահ արձանագրել, որ դրանք հանրագիտարանային տեսքի են և շախմատը դասավանդող մասնագետներին ապահովում են գիտելիքների մեծ պաշարով:Հոգեբաննների խումբը, որը ղեկավարում էր հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, շախմատիստների խմբի հետ միասին աշխատում էր շախմատի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ծրագրի նախամատրաստման ուղղությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ ամբողջ գործընթացի հաջողության առաջին նախապայմանը որակյալ մասնագետների հայտնաբերումն էր, ինչը իրականացվեց հետևյալ սկզբունքով. աշխատանքային խմբերի  գործունեությանը զուգահեռ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը միաժամանակյա խաղաշարեր էր անցկացնում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում՝ այցելելով մեծ ու փոքր քաղաքներն ու գյուղական համայնքները: Պրն. Լպուտյանի կողմից անցկացված սեանսների արդյունքում ընտրվում էին մարդիկ, ովքեր ունեին բավարար գիտելիքներ և ըստ այդմ էլ հնարավորություն էին ստանալու վերապատրաստվել որպես շախմատի ուսուցիչներ՝ իրավունք ստանալ դասավանդելու հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարաններում: Ապագա ուսուցիչների փնտրտուքը պահանջեց բավականին երկար ժամանակ, և որոշ դեպքերում հարկ էր լինում կազմակերպել այցեր երկրորդ կամ երրորդ անգամ: Գործընթացի արդյունքում հավաքագրվեցին մասնագետներ, որոնց մի մասը շախմատիստներ էին, բայց չունեին մանկավարժական աշխատանքի փորձ, իսկ մյուս մասը մանկավարժական կրթությամբ և փորձով անձինք էին, ովքեր ունեին նաև շախմատային գիտելիքներ և կարող էին վերապատրաստվել որպես «Շախմատ»  առարկան դասավանդողներ:

Այսպիսով, կազմակերպվեց ապագա ուսուցիչների հավաքագրումը, ինչի արդյունքում մարզերում ձևավորվեցին մասնագետների խմբեր: Կազմվեց ուսուցիչների վերապատրաստումների իրականացման հստակ ժամանակացույց, որով նախ Երևանում, ապա ՀՀ բոլոր մարզերում կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացները: Շախմատիստների և հոգեբանների աշխատանքային խմբերից ձևավորվեցին վերապատրաստողների առանձին 6 խմբեր, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էին շախմատի մասնագետ-վերապատրաստողը և հոգեբանը: Դասընթացները բավականին հաջող ընթացք ունեցան, և կարևոր ենք համարում նշել, որ վերապատրասման առաջին տարում հավաքագրվել էին հիմնականում շախմատի նվիրյալները, ինչի վառ ապացույցն էր այն, որ վերապատրաստման արդյունքում անհաջողության մատնվողների թիվը չնչին էր:  Վերապատրաստման դասընթացներն ունեին իրենց հստակ կանոնները և դրանց ընթացքում ըստ նախօրոք հաստատված պլանի՝ ժամանակ էր հատկացվում ինչպես շախմատի ուսուցմանը, այնպես էլ մանկավարժական հոգեբանության հիմնական սկզբունքների ուսումնասիրությանը: Վերապատրաստումներն իրականացվում էին նախօրոք մշակված դասախոսական նյութերի միջոցով, իսկ դասընթացի ավարտին կազմակերպվում էին որակավորման քննություններ: Քննության արդյունքում վերապատրաստումն անցած մասնագետները 20 միավորանոց սանդղակով գնահատվում էին, և 10 միավորի շեմը հաղթահարած անձինք իրավունք էին ստանում հանրակրթական դպրոցի 2-4-րդ դասարաններում դասավանդել «Շախմատ» առարկան: Նույն սկզբունքով վերապատրաստման դասընթացներ և որակավորման քննություններ անցկացվեցին ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում, ելնելով այն հանգամանքից, որ կար որակյալ մասնագետների քանակի ապահովման խնդիր՝ անցողիկ միավորի շեմը մարզերում իջեցվեց 1 միավորով և հասցվեց 9-ի:

2011-2012թթ. ուսումնական տարվա հաջող ավարտից անմիջապես հետո Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատի կողմից հրավեր-առաջարկ է ստացվում համալսարանի Սպորտի ամբիոնում կազմակերպել շախմատ առարկայի ուսուցումը պրն. Սմբատ Լպուտյանի ղեկավարությամբ: Նշենք, որ ըստ պրն. Միսակյանի՝ անկախ այս առաջարկից երկամյա աշխատանքի արդյունքներից ելնելով՝ արդեն առաջացել և ամրապնդվել էր այն գաղափարը, որ շախմատի ուսուցման արդյունավետությունը կբարձրանա, եթե տարրական դասարանների դասվարները նույնպես ունենան շախմատային գիտելիքներ և ունակ լինեն դասավանդելու նաև այս առարկան: Այսինքն՝ սա ենթադրում էր, որ շախմատի դասավանդման գործընթացի մեջ կընդգրկվեն ոչ միայն շախմատի մասնագետները, որոնք կանցնեն մանկավարժական հմտությունների վերաբերյալ վերապատրաստումներ, ինչպես նաև մանկավարժները, ովքեր ունեն շախմատային բավարար գիտելիքներ, այլև դրա մեջ ակտիվ մասնակցութուն կունենան նաև տարրական դասարանների դասվարները, ովքեր ամենօրյա շփում ունեն 2-4-րդ դասարանների աշակերտների հետ:

Այսպիսով, Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը թույլ կտար իրականացնել այս գաղափարը, որն ապագայում պիտի նպաստեր «Շախմատը դպրոցում» ծրագրի հաջող իրականացմանը: Համագործակցության սկիզբը նշանավորվեց նրանով, որ 2012-2103թթ.-ի ուս.տարում շախմատ առարկան սկսեց դասավանդվել Սկզբնական կրթության ֆակուլտետում, և արդյունքում՝ Տարրական կրթության մանկավարժություն բաժնի ուսանողները, այսինքն՝ ապագա դասվարները, սկսեցին ուսումնասիրել շախմատ առարկան: Այս համագործակցության արդյունքում Մանկավարժական համալսարանը տվեց ուսանող-ուսուցիչների առաջին սերունդը, և նրանք հաջողությամբ սկսեցին դասավանդել շախմատ առարկան ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում:

Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության խորացմանը զուգահեռ պահանջվեց նաև հետազոտական աշխատանքների իրականացման նպատակով սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրակացնող մասնագետների խումբ ստեղծել: Սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ կարիք կար ուսումնասիրելու ինչպես ամբողջ հասարակության, այնպես էլ ծնողական համայնքի վերաբերմունքը շախմատ առարկայի նկատմամբ, ինչպես նաև գիտականորեն ապացուցել շախմատի՝ տարրական դասարանների աշակերտների վրա ունեցած ազդեցությունը և տալ ընդհանրական եզրակացություններ:

Հոգեբանների, սոցիոլոգների, շախմատի մեթոդիստների և ներառական կրթության ուղղվածությամբ ուսումնասիրություններ կատարող մասնագետների կողմից կատարվող աշխատանքների առավել համակարգված իրականացման նպատակով ավելի ուշ՝ 2015թ.-ի սկզբին, Գիտության և կրթության պետական կոմիտեի աջակցությամբ ՀՊՄՀ-ում բացվեց «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ը, որն իր երկամյա գործունեության արդյունքում արձանագրել է գիտության ոլորտում շոշափելի արդյունքներ: «Շախմատը դպրոցում» ծրագրի ընթացիկ ձեռքբերումներն ամփոփող յուրօրինակ հաշվետվություն կարելի է համարել 2014թ.-ին կազմակերպված «Շախմատը դպրոցում» թեմայով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էին այս ոլորտում տարվող աշխատանքներին քաջատեղյակ՝ 35 երկրների ավելի քան 45 ներկայացուցիչներ:

Պրն. Միսակյանն իր խոսքում նշում է նաև, որ ցանկացած նոր ձեռնարկի մեկնարկին դժվար է կանխատեսել, թե ինչ խոչընդոտներ կարող են առաջանալ գաղափարի իրագործման այս կամ այն փուլում և մեր դեպքում այդ խոչընդոտների հաղթահարման բանալին տարվող հետևողական աշխատանքն է, որի ընթացքում հաշվի են առնվում բոլոր մասնագետների, այդ թվում՝ մեթոդիստների, հոգեբանների, սոցիոլոգների, ինչպես նաև շախմատի ուսուցիչների մասնագիտական կարծիքները: Մշտապես բարեփոխվող ամենօրյա հետևողական աշխատանքն է հանդիսանում «Շախմատը դպրոցում» ծրագրի զարգացման գրավականը: Այս աշխատանքների արդյունքում են վերամշակվել շախմատի դասագրքերը, ինչպես նաև վարժությունների աշխատանքային տետրերը: Ուսումնական նյութերում կատարվող փոփոխությունները նպատակ ունեն դրանք դարձնել աշակերտների համար ավելի հասանելի և դյուրըմբռնելի: «Շախմատը դպրոցում» ծրագրի կատարելագործմանը նպաստում է նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ընթացքում մասնագետների՝ իրենց պրակտիկայում արձանագրած ձեռքբերումների և խնդիրների  վերաբերյալ փորձի փոխանցումը հոգեբաններին, մեթոդիստներին և մյուս ուսուցիչներին: «Շախմատը դպրոցում» ծրագրի իրագործման մեջ ներգրավված բոլոր մասնագետները շախմատը, որն արդեն 6 տարի է հանդիսանում է տարրական դպրոցի ուսումնական պլանի մաս, դիտարկում են որպես անընդհատ զարգացող օրգանիզմ, որն ունի անվերջ հղկման, վերանայման և բարելավման կարիք:

Այս ծրագրի կայացման գործում չափազանց կարևոր օղակ պետք է համարել շախմատի նվիրյալ ուսուցիչներին, ում աշխատանքի շնորհիվ է շախմատը որպես կրթական բաղադրիչ կարճ ժամանակում արձանագրել շոշափելի արդյունքներ: Այս մասնագետների հետ տարվող աշխատանքների միջոցով ենք փորձում շտկել մանկավարժական տեսանկյունից դասապրոցեսում առկա թերությունները:    Դասավանդման տեսանկյունից շախմատը, որպես հանրակրթության մաս, ունի իր առանձնահատկությունները: Եթե շախմատի մասնագիտացված դպրոցում շախմատի մարզիչը աշխատում է օժտված երեխաների հետ, ընդ որում առանց պարտադրանքի, ապա հանրակրթության մեջ պատկերը լիովին այլ է, և ուսուցիչը պարտավոր է նվազագույն գիտելիքների պաշարով ապահովել 30-ից ավելի, իսկ երբեմն մինչև 40 աշակերտի՝ աշխատելով անել հնարավորը՝ հետաքրքրություն առաջացնելու շախմատ առարկայի նկատմամբ ինչպես բարձր, այնպես էլ ցածր առաջադիմությամբ աշակերտների մոտ:

Շախմատը մասնագիտացված դպրոցում և հանրակրթության մեջ ունեն նաև տարբեր նպատակներ:  Շախմատի մասնագիտացված մարզադպրոցներում ուսուցման գլխավոր նպատակը պրոֆեսիոնալ շախմատիստների պատրաստումն է, իսկ հանրակրթական դպրոցում շախմատը դիտարկվում է որպես միջոց՝ բարելավելու երեխայի կրթական որակները, այդ թվում՝ մտածողությունը, հիշողությունը, տրամաբանությունը, կամային որակները, պատկերավոր մտածողությունը, երևակայությունը: Իհարկե, հարկ է հաշվի առնել նաև այն, որ դպրոցում շախմատի ուսուցման արդյունքում ուսուցիչները հայտնաբերում են շախմատի հատուկ օժտվածությամբ երեխաների, որոնք ուղղորդվում են դեպի շախմատի մասնագիտացված դպրոցներ, սակայն սա չէ շախմատի՝ հանրակրթության մաս դառնալու առաջնային նպատակը:

Կարևոր միտում կա՝ կապված շախմատի՝ հանակրթական առարկա դառնալու ուղղակի հետևանքների հետ: Շախմատի՝ դպրոց մտնելուն զուգնըթաց, պրն. Միսակյանի համոզմամբ, մի շարք օժտված երեխաներ են բացահայտվել, որոնցից շատերը շարունակում են շախմատային կրթությունը մասնագիտաված դպրոցներում: Բացի այդ՝ կան նաև երեխաներ, ովքեր դժվարանալով լուծել շախմատային առաջադրանքները՝  սկսել են հաճախել մարզադպրոցներ՝ իրենց հմտությունները բարելավելու նպատակով: Կան դեպքեր, երբ հենց հանրակրթական դպրոցներում շախմատի ուսուցիչների ղեկավարությամբ ստեղծվում են շախմատի մասնագիտացված խմբակներ, որպեսզի ավելի թույլ առաջադիմությամբ երեխաները կարողանան զարգացնել իրենց շախմատային կարողությունները:

Հատկանշական է այն, որ Հայաստանը, լինելով առաջին երկիրը, որը որպես պարտադիր առարկա տարրական դպրոցի ուսումնական պլանում ընդգրկեց շախմատը, լավ օրինակ կարող է հանդիսանալ այն երկրների համար, որոնք ևս ձգտում են շախմատը դարձնել հանրակրթության բաղադրիչ: Մի շարք եվրոպական, ինչպես նաև ասիական երկրներ, այդ թվում՝ օրինակ՝ Գերմանիան, Ղազախստանը, Բելառուսը հետաքրքրված են հայկական փորձով և ակտիվ կերպով մասնակցում են մասնագիտական քննարկումներին, ինչպես, օրինակ «Շախմատը դպրոցում» թեմայով միջազգային կոնֆերանսին: Կանխատեսելի է, որ միջազգային համագործակցությունն այս ոլորտում է՛լ ավելի կխորանա «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը» թեմայով երկրորդ միջազգային կոնֆերանսի անցկացմանը զուգահեռ, որի ընթացքում մեր օտարերկյա գործընկերները հնարավորություն են ունենում հանգամանորեն  ուսումնասիրել հայկական փորձն այս ոլորտում ու քննարկել հնարավոր փոխհամագործակցությունը՝ որպես օրինակ ընդունելով ՀՀ դպրոցներում շախմատի պարտադիր ուսուցման հաջողված փորձը:

«Շախմատը դպրոցում» ծրագրի շրջանակներում՝ որպես Շախմատի ակադեմիայի և ՀՊՄՀ համագործակցության արդյունք, խորհրդանշական և խոստումնալից է այն փաստը, որ համաձայն արդեն ընդունված կառավարական որոշման՝ 2017-2018թթ. ուս.տարվանից ՀՊՄՀ բակալավրիատում կատարվելու  է ընդունելություն, որի արդյունքում 4 տարի անց մենք կունենանք շախմատ առարկայի ուսուցչի որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր կունենան ինչպես մանկավարժական, այնպես էլ շախմատային բավարար գիտելիքներ և կկարողանան մտնել դպրոց: Կապված ընդունելության չափորոշիչների հետ՝ առանձնացնենք այն, որ շախմատ առարկայի ընդունելությունը կկազմակերպվի համաձայն դիմորդների միասնական քննության արդյունքների, ընդ որում դիմորդները հնարավորություն կունենան հայոց լեզու կամ մաթեմատիկա առարկաներից որևէ մեկից հանձնել միասնական քննություն՝ ըստ իրենց ցանկության:

Այսպիսով, «Շախմատը դպրոցում» ծրագրի ներդրումից մինչև օրս կատարվել է հսկայածավալ աշխատանք, ինչը իրականացվել է կրթական համակարգին քաջատեղյակ և որակյալ մասնագետների շնորհիվ, և դա թույլ է տալիս ենթադրել, որ «Շախմատը դպրոցում» ծրագրի հաջող մեկնարկին հաջորդելու է դրա կյանքի կոչման երկարատև ուղին, որի արդյունքում մենք կունենանք ինտելեկտուալ ավելի հարուստ պաշարով և շախմատային գիտելիքներով զինված սերունդ, ինչը թույլ կտա անել ամեն հնարավորը օգտագործելու այդ ներուժը՝ Հայաստանի Հանրապետության հզորացման ուղղությամբ:  

Հեղ.՝  Տաթև Խաչատրյան




Developed by LAB64 LLC