ChessAcademy.am

«Շախմատ» առարկայի հանրակրթական դասագրքի ստեղծման ճանապարհն  ու առանձնահատկությունները՝ դասագրքի հեղինակ Համլետ Թումանյանի մեկնաբանությամբ

Համլետ Թումանյանը, ով երկար տարիներ զբաղվում է շախմատի ուսուցմամբ, հանդիսանում է ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ: Իրանի Իսլամական Հանրապետությունում` Թեհրանի շախմատի մասնագիտացված ամենամեծ դպրոցում, նա զբաղվել է շախմատի դասավանդմամբ: 2003թ.-ից համագործակցելով Հայաստանի Շախմատի ակադեմիայի հետ՝ հեղինակել է շախմատի 2-4-րդ դասարանների դասագրքերը, ինչպես նաև աշխատանքային տետրերն ու ուսուցիչների համար նախատեսված ուսումնաօժանդակ նյութերը՝ մեթոդական ձեռնարկների տեսքով: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Շախմատի ակադեմիայի հիմնադիր- նախագահ Սմբատ Լպուտյանի կողմից ստանալով շախմատի հանրակրթական դասագրքի ստեղծման առաջարկը՝ պրն. Թումանյանը սկսում է ավելի խորացնել իր կատարած հետազոտությունները շախմատի ուսուցման ոլորտում, ինչն էլ հիմք  ծառայեց շախմատի դասագրքի պատրաստման համար: Համեմատելով շախմատի ուսուցման սկզբունքների տարբերությունները Հայաստանում և Իրանում՝ պրն. Թումանյանը նշում է, որ Հայաստանում շախմատային հաջողությունների և դասավանդման հաջող իրականացման գլխավոր խթանը որակյալ մասնագետներն են՝ ի դեմս շախմատի մարզիչների: Մեր զրուցակիցը հարկ է համարում նաև արձանագրել, որ շախմատի՝ պարսիկ շատ մարզիչներ իրենց մասնագիտական որակները բարելավել են՝ շփվելով հայ մասնագետների հետ: 

Պրն. Թումանյանը, մասնակցելով շախմատի մարզիչների հավաքներին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի շախմատի ակադեմիայում՝ Սմբատ Լպուտյանի անմիջական ղեկավարությամբ, շեշտում է դրանց դրական ազդեցությունը իր՝ որպես շախմատի պրոֆեսիոնալ մարզչի, մասնագիտական որակներ վրա: Այս հավաքների ընթացքում շփումները փորձառու մասնագետների հետ, ինչպիսին, օրինակ, պրն. Վրեժ Օրդյանն է, օգնում են Համլետ Թումանյանին՝ զարգացնել ստեղծագործական մտածելաձևի մշակման հմտություն: 

Շախմատի բարերար ազդեցությունը երեխայի մտածողության զարգացման վրա և դրա՝ որպես ինքնուրույն անհատի կայացման գործոն բացահայտելու նպատակով՝ դեռևս Թեհրանի շախմատի մասնագիտացված դպրոցում աշխատելու տարիներին պրն. Թումանյանը նախաձեռնել է գիտափորձ, որի ընթացքում մասնագետ-հոգեբանները թեստերի միջոցով պարզել են շախմատի հաճախող երեխաների ինտելեկտի զարգացման մակարդակը՝ հատուկ մշակված IQ թեստերի միջոցով: Նույն թեստերը նույն երեխաների հետ անց են կացվել նաև մեկ տարի անց, և համեմատվել են դրանց արդյունքները, որոնք վկայում են շախմատի՝ աշակերտի ինտելեկտուալ կարողությունների վրա ունեցած դրական ազդեցության մասին: Ապա սկսելով համագործակցություն Թեհրանի համալսարանում հոգեբանություն ուսումնասիրող ուսանողների հետ և օգտվելով նրանց կատարած հետազոտությունների արդյունքներից՝ պրն. Թումանյանը եկել է այն համոզմանը, որ շախմատն ունի իր դրական ազդեցությունը ինչպես երեխայի ուղեղի աջ և ձախ կիսագնդերի համագործակցային աշխատանքի ապահովման վրա, այնպես էլ հանգեցնում է հիպերակտիվ երեխաների մոտ մի շարք այնպիսի խնդիրների հաղթահարմանը, ինչպիսին է, օրինակ, աշակերտի կարճ հիշողության մարզումը: 

Շատ կարևոր է նշել, որ շախմատի հանրակրթական դասագրքում, ըստ պրն. Թումանյանի, չկա կաղապարված մտածելաձև, և աշակերտին տրված է ազատություն՝ ինքնուրույն գտնելու առաջադրանքների պատասխանները: Այս իմաստով՝ ազատ մտածելու տեսանկյունից, կարևոր է այն, որ մարզիչը, իսկ հանրակրթական դպրոցում ուսուցիչը, այսպես ասած, իմանա իր չափը և չզրկի աշակերտին յուրովի մտածելու և առաջադրված խնդրի պատասխանը ինքնուրույն գտնելու հնարավորությունից: Շախմատի դասագիրքը միտված է հենց այսպիսի մոտեցում կիրառելուն: Այն փորձում է երեխայի ենթագիտակցության մեջ ներդնել նաև իրավիճակը իր կողմից կառավարելի պահելու հատկությունը և զարգացնում է նրա ինքնուրույն մտածելաձևը:  

Ինչպես նշեցինք, շախմատը, որպես խնդիրներ ստեղծելու գործիք, ունի ստեղծագործական մտածելակերպ զարգացնելու հատկություն և որպես հանրակրթական առարկա՝ այս տեսանկյունից եզակի է: Այդ հատկության շնորհիվ շախմատը հնարավորություն է ստեղծում երեխային առաջադրել խնդիրներ, որոնք պահանջում են գտնել ոչ ուղղակի պատասխաններ և ըստ այդմ էլ երեխայի մոտ զարգանում է ինքնատիպ և բազմավեկտոր մտածողություն: Շախմատն ուսումնասիրելիս աշակերտի առջև հնարավորություն է բացվում խնդրի լուծման ժամանակ անսահմանափակ քանակով տարբերակների մշակման համար: Շախմատի միջոցով մարզվում է աշակերտի կարճ հիշողությունը, ինչն իր հերթին նպաստում է նաև աշակերտի ակտիվ հիշողության զարգացմանը: Այս համատեքստում կարևոր է շեշտել նաև այն, որ շախմատը բարերար ազդեցություն է ունենում այն երեխաների զարգացման վրա, որոնք հիպերակտիվ են կամ, ընդհակառակը, պասիվ են կամ ունեն կենտրոնացման հետ կապված խնդիրներ: Ինչպես արդեն նշեցինք, ապացուցված է նաև այն, որ շախմատը դրական է ազդում երեխայի մոտ ուղեղի աջ և ձախ կիսագնդերի համագործակցային գործունեության զարգացման վրա: 

Շախմատի հայկական դասագրքում ընդգրկված խնդիրները պահանջում են աշակերտներից ոչ ստանդարտ մտածելակերպ դրսևորել՝ գտնելու առաջադրված խնդիրների բանալիները: Բացի վերոնշյալից, առարկայի ուսումնառությանը զուգընթաց, երեխայի մոտ տեղի է ունենում բնավորության որոշակի գծերի ձևավորում: Օրինակ՝ մարդկային հոգեբանությանը բնորոշ է կյանքի որոշակի բարդ իրավիճակներում խնդիրները լուծել՝ դրանք շրջանցելով, իսկ շախմատային մտածողությունը ձևավորում է կամք՝ խորանալու ստեղծված իրավիճակի մեջ և խնդիրը հաղթահարել ոչ թե այն շրջանցելով, այլ լուծում տալով: Այս տեսանկյունից կարևոր է անդրադառնալ նաև այն բանին, որ շախմատը սովորեցնում է մտածել դիմացինի մասին ևս՝ միաժամանակ հաշվարկելով նրա հնարավոր քայլերը: Դա վառ կերպով դրսևորվում է այնպիսի շախմատային իրավիճակներում, ինչպիսիք են պատից խուսափումը, ցուգցվանգի մոտեցումը կամ մատ երկու քայլից՝ ցուգցվանգի միջոցով դիրքը: Այդ դեպքերում շախմատ խաղացողը պարտավոր է մտածել նաև հակառակորդի մասին: 

Շախմատը յուրատեսակ կռվի ձև է: Փիլիսոփա Ջեյմս Մորիսը պնդում էր, որ կռիվը ինքնին բացասական երևույթ է, բայց դրա ընթացքում դրսևորվում և զարգանում են այնպիսի դրական հատկանիշներ, ինչպիսիք են քաջությունը, հավատարմությունը, համերաշխությունը: Զարգանում են նաև այնպիսի հատկություններ, ինչպիսիք են զգոնությունը, բանական ըմբռնումը և ուշադրությունը: Շախմատը պայքարի դրսևորման այնպիսի ձև է, որը նպաստում է խաղացողի անհատական զարգացմանն ու կատարելագործմանը: Այս առումով շատ հետաքրքրական է դիրքի համեմատման և դիրքի ստուգման խնդիրների վերլուծությունը: Այս դիրքերի ուսումնասիրության ժամանակ մարզվում են աշակերտի կարճ հիշողությունը և կենտրոնացվածությունը: Դասագրքում խնդիրները մշակված են այնպես, որ թույլ են տալիս զարգացնել տարրական դասարաններում սովորող երեխաների այս հատկությունները, ինչպես նաև դրդում են նրանց ստեղծագործաբար մոտենալ խնդիրների լուծմանը: 

Հոգեբանների հետ համատեղ հետազոտությունները գալիս են ապացուցելու, որ շախմատի ուսուցումը նպաստում է աշակերտների մտածողության զարգացմանը, ինչի վրա իր լավագույն ազդեցությունն են ունեցել դասագրքի մշակման հիմքում դրված յուրատեսակ սկզբունքները, որոնք իրենց տեսակի մեջ միակն են: Գրքի ստեղծման նախապատրաստական աշխատանքների ամենակարևոր փուլը դասերի հաջորդական ընթացքի համակարգման սկզբունքների մշակումն էր, ինչը թույլ կտար ավելի արդյունավետ կերպով կազմակերպել ուսումնական գործընթացը: Գրքում ներկայացված են շախմատի պատմության դասական նմուշներ, որոնք աշակերտների մոտ ձևավորում են յուրօրինակ շախմատային ճաշակ: Դասագրքում հատուկ ուշադրություն է հատկացված քայլի գրանցման հմտության ուսուցմանը, ինչի պարագայում ևս հմտության զարգացման հիմքում դրված է ստեղծագործական մոտեցումը: 

Գրքի մեջ բացառված է կաղապարված մտածելաձևի կիրառումը և դրա դրսոևորումներից է այն, որ գրքում շատ հաճախ առաջադրանքի պատասխանը տրված է խնդրի կողքին, ապա խնդրի որոշակի դետալի փոփոխությամբ աշակերտի առջև մի նոր առաջադրանք է դրված, ինչն էլ հնարավորություն է տալիս արդեն տրված պատասխանի վերլուծության միջոցով գտնել խնդրի պատասխանը՝ համադրելով տրամաբանական ու վերլուծական մտածողությունը: 

Շախմատի ուսուցման մեջ գոյություն ունի այնպիսի մոտեցում, երբ նոր շախմատ խաղալ սովորող երեխային, օրինակ, սովորեցնում են մտածել նյութական առավելության  ձեռքբերման ուղղությամբ (զինվորը պետք ձգտի անընդհատ գնալ առաջ ու դառնալ թագուհի): Այս մոտեցումը գրքի հեղինակը համարում է հնացած, և ուսուցման այս մոդելը գրքում բացակայում է: Մի կողմ թողնելով աշխարհում հայտնի շախմատի ուսուցման այլ  մոդելները՝ երբ մի դեպքում շախմատի ուսուցումը տարվում է՝ սկսելով նավակ խաղաքարից, իսկ մյուսի դեպքում՝ զինվորներից, հայկական դասագրքում առաջին հերթին ուսուցանվում է արքա խաղաքարը՝ դասավանդման հիմքում խորհրդանշական կերպով դնելով Աստծու գաղափարը, որը ներկա է խաղի ողջ ընթացքում և ներկայացնում է հավիտենական կյանքի սիմվոլիկան: Այսպիսով, դասագրքում առաջին հերթին ուսուցանվում է արքա խաղաքարը՝ երեխայի մոտ դրա նկատմամբ համակրանք առաջացնելու միտումով, քանզի այն խաղատախտակին է խաղի ողջ ընթացքում, ապա ուսուցանվում է թագուհի ֆիգուրը՝ որպես ամենաուժեղ խաղաքար, իսկ հաջորդն արդեն խաղի նպատակի՝ մատային դիրքի ուսումնասիրումն է: Այս սկզբունքը թույլ է տալիս ի սկզբանե երեխային ծանոթացնել շախմատի՝ որպես խաղի բուն նպատակին և մրցակցային բնույթին: 

Գիրքը մշակված է այնպես, որ առաջադրանքները աստիճանաբար բարդանում են  և մատային դիրքերի ուսուցումը սկսվում է ամենապարզ՝ մատ՝ մեկ քայլից դիրքի և դրա վերաբերյալ խնդիրների ուսուցումից: Երեխային առաջադրվող յուրաքանչյուր խնդիր, լինելով միաժամանակ ավարտուն, միշտ հնարավորություն է ենթադրում այն առավել զարգացնելու և հաջորդ դասի ուսուցմանը զուգընթաց երեխային ավելի բարդ խնդիր առաջադրելու համար: Փորձը ցույց է տալիս, որ մանուկ հասակից շախմատի ուսուցումը այս սկզբունքների համաձայն կարող է իր դրական ազդեցությունն ունենալ երեխայի համար արդեն հասուն տարիքում իր առջև առաջադրված խնդիրները ճիշտ լուծելու համար՝ օգտագործելով սեփական քննադատական մտածելակերպը: 

Հարկ է նշել, որ իր առջև խնդիր դնելով զարգացնել շախմատ ուսումնասիրող երեխաների մտածողությունը, շախմատի հանրակրթական դասագիրքը նաև նպաստում է շախմատային օժտվածությամբ երեխաների բացահայտմանը, ովքեր մինչև դպրոցում սովորելը շախմատի հետ առնչվելու հնարավորություն չեն ունեցել:Այսպիսով, հենց այս  մեթոդների համադրման արդյունքում մշակված դասագիրքը թույլ է տալիս աշակերտների մոտ սեր և հետաքրքրություն առաջացնել շախմատի նկատմամբ:

Որպես ամփոփում պրն. Թումանյանը նշեց նաև, որ կրթական համակարգի կայացման համար կարևոր նշանակություն ունի շախմատի և ընդհանրապես բոլոր ուսուցիչների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, ինչի արդյունքում նրանք կլինեն ավելի գնահատված, ավելի վարձատրված, ինչն էլ կարող է էլ ավելի մեծ խթան հանդիսանալ ապագա սերնդին կրթելու պատասխանատու աշխատանքը կատարելու երկար և դժվարին ճանապարհին: 

Հեղ․՝ Տաթև Խաչատրյան

 

 




Developed by LAB64 LLC