ChessAcademy.am

Շախմատի՝ երեխայի հոգեկանի զարգացման վրա ունեցած ազդեցության դերի և նշանակության նկարագիրը մասնագետ-հոգեբանների դիտարկմամբ

Շախմատի՝ երեխայի անհատական զարգացման վրա ունեցած դերի և կրթական նշանակության մասին հետազոտությունների հոգեբանական բլոկի ղեկավարությամբ երկար տարիներ զբաղվել է հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը: Պրն. Աղուզումցյանը մինչև շախմատի պարտադիր առարկա դառնալը և «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ի աշխատանքների իրականացումը մասնակցել է տարբեր հավաքների և ներգրավված է եղել մի շարք գիտահետազոտական աշխատանքներում, որոնց ժամանակ ուսումնասիրվել է, թե ինչպես կարելի է շախմատի միջոցով  լարվածությունից ձերբազատվել՝ ելնելով անձի հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններից, թե ինչպես են կարողանում շախմատիստները հասնել հաջողությունների՝ ելնելով իրենց տարիքային առանձնահատկություններից, ինչ հատկություններ են անհրաժեշտ, որպեսզի շախմատ խաղալը արդյունավետ դրսևորվի: Այդ հետազոտությունների ընթացքում պրն. Աղուզումցյանն ուսումնասիրել է շախմատը ոչ թե դրա կրթական նպատակները բացահայտելու նպատակով, այլ այն դիտարկվել է որպես սպորտ և ուսումնասիրվել է այդ սպորտաձևին բնորոշ հոգեբանությունը: Ավելի ուշ՝ Մոսկվայից վերադառնալուց հետո, նա սկսել է ղեկավարել հոգեբանների խումբը, որը փորձում էր ստեղծել հոգեբանական հիմքեր, որպեսզի ապահովվի գիտական մոտեցում  «Շախմատը դպրոցում» ծրագրի համար:

Պրն. Աղուզումցյանը նշում է, որ իր համար հենց սկզբից էլ պարզ էր, որ շախմատը չի ընդգրկվում դպրոցական ծրագրի մեջ՝ ապագայում պրոֆեսիոնալ շախմատիստներ պատրաստելու համար, այլ դրա նպատակն է նպաստել աշակերտի հոգեկան զարգացմանը: Մինչ այդ արված հետազոտությունների արդյունքներն արդեն իսկ փաստում էին, որ բացի մտածողությունը զարգացնելուց, շախմատն ունի մարդու հոգեկան աշխարհը կատարելագործելու հատկություն. մասնավորապես՝ այն նպաստում է աշակերտների միջև միջանձնային կայուն փոխհարաբերությունների ձևավորմանը: Մասնագետի խոսքով՝ իզուր չէ, որ շախմատը ուսուցանվում է 2-րդ դասարանից սկսած, քանի որ կրտսեր դպրոցում երեխան զբաղված պետք է լինի գործունեության երեք տեսակներով՝ խաղ, ուսուցում, աշխատանք, և շախմատը՝ որպես գործունեության  տեսակ, դասվում է խաղերի շարքին և այս տեսանկյունից լիովին արդարացված է շախմատի ուսուցումը դպրոցում: Ապացուցված է նաև, որ ուսուցման այն տեսակները, որոնք կազմակերպվում են խաղի միջոցով, ավելի արդյունավետ են, և եթե կրտսեր դպրոցում դասավանդվող այլ առարկաները կարիք կա խաղի վերածելու, որպեսզի երեխաների համար ավելի հետաքրքիր լինեն, ապա շախմատի դեպքում այս խնդիրը լուծված է, քանի որ շախմատն ինքնին խաղ է և այս առումով այն ունի մեծ առավելություններ: Շախմատը յուրահատուկ է նրանով, որ այն ունի և՛ մտածողությունը, և՛ տրամաբանությունը զարգացնող տարրեր: Եվ հենց այս գործոններն են նպաստում շախմատի՝ երեխաների կողմից սիրված լինելու հանգամանքի վրա: Եթե այլ առարկաների դասավանդումն էլ հաջողվի կազմակերպել խաղի միջոցով, ապա դրանք ավելի մեծ հետաքրքություն կառաջացնեն կրտսեր դպրոցականների մոտ:

Որպես խաղ շախմատի արդյունավետ ուսուցման գործընթացի իրականացման գրավականն են հանդիսանում մանկավարժները, ում կերպարից, վարպետությունից և մասնագիտական հմտություններից շատ բան է կախված: Դասապրոցեսի կազմակերպման արդյունավետությունը ուղղակիորեն կապված է ուսուցչի որակի հետ: Հենց այս պատճառով դպրոցում շախմատի դասավանդումից ի վեր մեծ ուշադրություն հատկացվեց շախմատի ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման խնդրին: Շախմատի՝ որպես պարտադիր առարկա դպրոցում ներդրման արդյունքում պարզ դարձավ, որ 1200-ից ավելի դպրոցների հարկ է ապահովել ուսուցիչներով, և, բնականաբար, բավականին դժվար էր այդպիսի քանակով մասնագետների հավաքագրումը: Գործընթացի մեջ ներգրավվեցին մեծ թվով շախմատի մարզիչներ, որոնց մեծ մասը, փաստորեն, չուներ մանկավարժական հմտություններ: Անհրաժեշտություն կար մեծ ուշադրություն դարձնել այդ մասնագետների մանկավարժական և հոգեբանական պատրաստությանը: Այդ նպատակով ստեղծվեց մի ձեռնարկ, որը այդ մասնագետների և՛ ուսուցման համար էր, և՛ ուղեցույց էր նրանց համար՝ պատրաստվելու որակավորման քննություններին: Այդ ձեռնարկի միջոցով ապագա շախմատի ուսուցիչները ձեռք էին բերում այն նվազագույն գիտելիքները, որոնք անհրաժեշտ էին արդյունավետ դասապրոցես իրականացնելու համար: Հոգեբան-մասնագետների խումբը, պրն. Աղուզումցյանի գլխավորությամբ, շրջում էր ՀՀ դպրոցներով և դասալսումներ էր իրականացնում՝ ուսուցիչների համար կազմակերպելով գործնական խորհրդատվություններ: Հետադարձ հայացք ձգելով ուսուցիչների պատրաստման գործընթացի վրա՝ կարելի է արձանագրել, որ դրա արդյունավետությունը գերազանցեց սպասելիքները: Փաստորեն՝ ուսուցիչների պատրաստման գործընթացի արդյունքում շախմատի իմացությամբ անձինք իրենց շախմատային գիտելիքներին ավելացնում էին մանկավարժ-հոգեբանի հմտությունները ևս:

Պրն. Աղուզումցյանի կարծիքով՝ հաջողված մանկավարժին պետք է բնորոշ լինի մի շատ կարևոր առանձնահատկություն, այն է՝ երեխայի նկատմամբ սերը, որովհետև առանց այս հատկության՝ ուսուցիչը ունակ չի լինի փոխանցել իր գիտելիքները աշակերտներին: Երեխայի նկատմամբ սերը թույլ չի տալիս կոպիտ սխալներ գործել նրանց հետ շփումը կազմակերպելու ընթացքում և մասնագետին դարձնում է ավելի զգուշավոր: Մանկավարժության մեջ ամենից առավել կարևոր հատկություն է մարդակենտրոնությունը, և եթե ուսուցման գործընթացը կազմակերպելու համար հնարավոր է յուրացնել տարբեր մանկավարժական հնարքներ, ապա սերը առ երեխա ձևավորելը բավականին բարդ է: Այս համատեքստում պրն. Աղուզումցյանը ողջունելի է համարում ՀՊՄՀ-ում շախմատի ուսուցիչների պատրաստման նպատակով ներդրված բակալավրի քառամյա ծրագիրը:

Որպես շախմատի ուսումնական առարկայի դասավանդման պրոցեսի  խթանման նպատակով արվող քայլ՝ պրն. Աղուզումցյանը կարևորում է ծնողների՝ շախմատի նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխության ուղղությամբ տարվող աշխատանքները: Առաջին հերթին կարևոր է ծնողների գիտակցությանն հասցնել այն, որ շախմատը դպրոցում ուսուցանվում է ոչ թե ապագա շախմատիստներ պատրաստելու համար, այլ դա արվում է՝ նպաստելու երեխայի հոգեկան աշխարհի և մտածողության բազմակողմանի զարգացմանը: Գործընթացի խթանման երկրորդ քայլը երեխաների հետ տարվող աշխատանքների որակի բարելավումն է: Հարկ է խաղի ընթացքում երեխաների միջև մրցակցությունը կազմակերպել մարդասիրական մեթոդներով: Մրցակցության արդար սկզբունքներով կազմակերպումը իր հերթին նպաստում է արդարացի գնահատման գործընթացի կայացմանը:

Հոգեբանի խոսքով՝ այս տարիների ընթացքում կատարված հետազոտություններից կարևոր է այն ուսումնասիրությունը, որը համեմատեց երեխաների շախմատ առարկայից և այլ առարկաներից ցուցաբերած առաջադիմության արդյունքները, և այդ հետազոտությունը փաստեց, որ շախմատ առարկայից բարձր գնահատականներ ունեցող աշակերտները բարձր առաջադիմություն ունեն նաև այլ առարկաներից, որը ապացուցում է շախմատի և այլ առարկաների միջև եղած դրական կապը: Մասսայական հետազոտությունները ապացուցեցին նաև այն, որ շախմատը ազդում է ոչ միայն մտածողության զարգացման վրա, այլև հնարավորություն է ստեղծում երեխայի ողջ հոգեկան աշխարհի, կամքի, ուշադրության, հիշողության զարգացման համար: Շախմատն, այս բոլոր առումներից ելնելով, դրսևորվում է որպես շատ կարևոր գործիք:

Երբ «Շախմատը դպրոցում» ծրագրի գործարկման սկզբում ձևավորվել էր հոգեբանների խումբ, որը դասալսումներ էր իրականացնում, այս խմբին միացավ նաև հոգեբան, Հայաստանի կառավարման ակադեմիայի դասախոս Սոնա Պողոսյանը: Հոգեբանները դիտարկում էին երկու տիպի դասարաններ՝ առաջին դեպքում դասավանդողը մանկավարժ էր, երկրորդում՝ շախմատիստ: Հոգեբանները փորձում էին տեսնել, թե ինչ խնդիրների հետ են բախվում ուսուցիչները շախմատ դասավանդելու ընթացքում: Այս դասալսումներին զուգահեռ պատրաստվում էին ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը ևս: Իսկ շախմատի՝ դպրոց մտնելու կապակցությամբ անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրել ծնողների վերաբերմունքը շախմատի նկատմամբ, ինչպես նաև պարզել, թե ինչպես են ուսուցիչները գնահատում իրենց աշակերտների շախմատային ընդունակությունները: Ավելի ուշ Սոնա Պողոսյանը կենտրոնանում է շախմատի դասավանդման ու դրա՝ կրտսեր դպրոցի աշակերտների վրա ունեցած ազդեցության ուսումնասիրության վրա: Այս հետազոտությունն իրականացվել է 5 փուլերով՝ ընդգրկելով 2011-2014թթ.-ը: Հենց սկզբում ուսումնասիրվել են կրտսեր դպրոցականնների  երկու հոգեբանական որակները՝ ինտելեկտը և ստեղծարար մտածողությունը: Հետագայում ուսումնասիրվել են նաև աշակերտների հիշողությունը, ուշադրությունը, հույզերը և կամային որակները: Արդեն 2014թ.-ին հետազոտությունն իրականացվեց երկու ուղղություններով, և ըստ այդմ համեմատվեցին շախմատ ուսումնասիրած և դպրոցում երբեք շախմատ առարկան չուսանած աշակերտները, ինչպես նաև փորձ արվեց համեմատել նույն աշակերտեների՝ 2012թ. և 2014թ.-ին ունեցած որակները և կատարել դրանց՝ երկու տարիների ընթացքում արձանագրած փոփոխությունների համեմատական վերլուծություն:

Այսպիսով, այս ուսումնասիրություններն ուղղված էին աշակերտների վերոնշյալ որակների զարգացման շարժընթացը բացահայտելուն և դրանք փաստեցին, որ շախմատը զարգացնում է կրտսեր դպրոցականների այդ հատկությունները: Արդեն 2016թ.-ին Ծաղկաձորում կայացած «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» թեմայով գիտաժողովի ժամանակ Սոնայի կողմից  ներկայացվեց հետազոտություն, որն ուղղված է եղել պարզելու, թե ինչպիսի հոգեբանական առանձնահատկություններ ունեն ուսուցիչները: Խնդիր դրվեց ուսումնասիրելու շախմատի ուսուցիչների հոգեբանական որակներն ու մտածողության առանձնահատկությունները: Այս հետազոտությանը մասնակցեցին ՀՀ 5 մարզերի՝  շախմատ դասավանդող 300ուսուցիչներ: Հետազոտողների առջև խնդիր է դրված հասկանալ՝ ինչ մանկավարժահոգեբանական որակներ պետք է ունենան շախմատի ուսուցիչները, ինչպես կարելի է վերապատրաստումների միջոցով անել հնարավորը՝ զարգացնելու նրանց այդ որակները և վերջնարդյունքում գնահատել, թե որքանով են արդյունավետ կազմակերպվում վերապատրաստումները: Վերջինները պետք է նպաստեն այնպիսի ուսուցիչների պատրաստմանը, որոնց մոտ նրբազգացությունն, օրինակ, լավ զարգացած է, ինչի արդյունքում նրանք կկարողանան հասկանալ աշակերտների հույզերը և զգացմունքները, քանի որ ստեղծագործական միտքն աշխատում է միայն այն պարագայում, երբ կա ազատ մթնոլորտ և անկաշկանդ միջավայր աշակերտների բնականոն գործունեության համար: Այսինքն՝ առաջին պլան է մղվում միջավայրի դերը աշակերտի համապատասխան ունակությունների բացահայտման և զարգացման համար:

Այսպիսով, շախմատի՝ դպրոցական ծրագրում ընդգրկվելը նոր հետազոտական աշխատանքների դաշտ բացեց հոգեբանների, սոցիոլոգների և մանկավարժների համար և տարբեր գիտական աշխատանքներ իրականացվեցին՝ հետազոտելով շախմատ ուսումնասիրող կրտսեր դպրոցականներին: Կատարված հետազոտությունները, փաստորեն, իրենց տեսակի մեջ առաջինն են աշխարհում և մեծ հետաքրքրություն են առաջացնում արտասահմանցի մեր գործընկերների շրջանում: 2011թ.-ից իրականացված հետազոտությունների մասին պատմող ձեռնարկը մանրամասն նկարագրում է ուսումնասիրությունների էությունը և դրանց զարգացման հաջորդականությունը: Այս ամենի արդյունքում հասարակությունը ևս սկսեց այլ կերպ ընկալել շախմատը և դրա ուսուցման կարևորությունը: Ապագայում կատարվելիք հետազոտությունների մասին խոսելիս պրն. Աղուզումցյանն ու Սոնա Պողոսյանը ընդգծեցին, որ շախմատի կրթական նշանակության ուսումնասիրման շրջանակներում դեռևս հստակեցման կարիք ունեցող մի շարք հարցեր կան, և կարևոր է հոգեբանական, սոցիոլոգիական, մանկավարժական և բժշկական համակցված հետազոտությունների իրականացումը:

Հեղ.՝ Տաթև Խաչատրյան

 

 

 

 

 

 




Developed by LAB64 LLC