«Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ում իրականացվող ուսումնասիրությունները հետազոտական խմբի ղեկավար, հոգեբան Վահան Սարգսյանի տեսանկյունից
2014թ.-ից շախմատի ուսուցման գործընթացը և դրա՝ աշակերտների վրա ունեցած ազդեցությունը ուսումնասիրող հոգեբանների խմբում հետազոտություններ է կատարում հոգեբանական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ դասախոս, դոցենտ, պրակտիկայի բաժնի ղեկավար Վահան Սարգսյանը: Նրա և Հայաստանի շախմատի ակադեմիայի միջև համագործակցությունը սկսվել է 2014թ.-ին Երևանում կայացած «Շախմատը դպրոցում» թեմայով գիտաժողովից անմիջապես հետո՝ ՀՄՊՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի առաջարկությամբ:
Պրն. Սարգսյանի հետ նախ զրուցեցինք վերջին շրջանում «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ում հոգեբանների, սոցիոլոգների և ներառական կրթության հիմնախնդիրներով զբաղվող հետազոտողների կատարած ուսումնասիրությունների, պրն. Սարգսյանի իրականացրած հետազոտությունների և ապագայում կատարվելիք աշխատանքների մասին: Այսպես, ներառական կրթության հիմնախնդիրներով զբաղվող հետազոտողներ Անի Խուդոյանը և Աննա Չարչյանը ներկայացրել են հետազոտություններ, որոնք փաստում են, թե ինչպես է շախմատը ազդում ԿԱՊԿՈՒ երեխաների ինքնավստահության, հաղորդակցման և այլ հատկությունների վրա: Նրանք նաև անդրադարձել են, թե որքանով արդյունավետ են իրականացվում հատուկ կարիքներով երեխաների հետ շախմատի պարապմունքները՝ ցույց տալով, որ շախմատը կարող է հաջողությամբ դասավանդվել նաև ներառական կրթության պայմաններում՝ չնայած տիրող այն մտայնությանը, որ շախմատը միայն ինտելեկտուալների խաղ է:
Այս ընթացքում բազմապրոֆիլ հետազոտություններ է կատարել նաև սոցիոլոգների խումբը՝ (Քրիստինա Տանաջյան, Նելլի Մելքոնյան, Նունե Գևորգյան) առաջին հերթին նպատակ ունենալով պարզել շախմատի նկատմամբ հասարակության ունեցած վերաբերմունքը: Նրանք կատարել են նաև հետազոտություն՝ ուսումնասիրելով շախմատը որպես կրթական արժեք և ինտելեկտուալ պաշարի կուտակման արդյունավետ միջոց: Նրանց հետազոտությունների արդյունքում լրացված հարցաթերթիկներից պարզ է դարձել նաև, որ շախմատը գտնվում է աշակերտների նախընտրած առարկաների շարքում՝ մայրենիից և մաթեմատիկայից հետո:Հոգեբանների խումբը (Անժելա Սարգսյան, Արմինե Խաչատրյան) ներկայացրել է, թե ինչ մեթոդաբանական եղանակներով կարելի է իրականացնել շախմատի դասավանդումը: Նրանք կատարել են հիմնականում հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ, որոնց արդյունքները նկարագրում են, թե ինչպես է շախմատն ազդում տարբեր հոգեկան գործընթացների, այն է՝ հիշողության, որոշումների կայացման վրա:
Որպես հետազոտական խմբի ղեկավար` պրն. Սարգսյանը մյուս բոլոր հետազոտողների ուսումնասիրությունների արդյունքում ստացված պարամետրերը համեմատել է ամբողջ հանրապետությունում իրականացված իր հետազոտության արդյունքների հետ: Այսպես, մշակվել էր թեստ, որը չափում էր շախմատ ուսումնասիրած աշակերտների կարողությունները և որը կիրառվեց հատուկ պարամետրերով ընտրված դպրոցների հետազոտության ժամանակ, որպեսզի դրա արդյուքները արտացոլեն ամբողջ հանրապետության պատկերը: Այդ թեստի կիրառման արդյունքում ստացված տվյալները համեմատվեցին մի շարք այլ պարամետրերի հետ, ինչպիսիք են ծնողի՝ շախմատի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, նրա կրթական մակարդակը, ուսուցչի կիրառած մեթոդները և մոտեցումները և այլն: Արդյունքում վեր հանվեցին այն բոլոր գործոնները, որոնք ազդում են շախմատի հաջող դասավանդման գործընթացի կազմակերպման վրա, ընդ որում՝ դրանք մաթեմատիկական ճշգրտությամբ համադրելի են: Պրն. Սարգսյանն այս հետազոտության արդյուքները մանրակրկիտ կերպով ներկայացրել է ինչպես վերջերս Ծաղկաձորում, այնպես էլ Բաթումիում կայացած միջազգային կոնֆերանսների ժամանակ: Այս հետազոտությունների արդյունքները նաև որոշիչ են ապագայում շախմատի ուսուցման գործընթացի բարելավման նպատակով կատարվելիք փոփոխությունների իրականացման համար՝ այն է, թե ինչպես կարելի է փոփոխել ծրագիրը, դասընթացի բովանդակությունը, մեթոդաբանությունը, ուսումնական նյութերը, նաև թե ինչպես պետք է վերահսկվի դասընթացի կազմակերպման որակը, ինչպիսի աշխատանքներ պետք է ծավալվեն ծնողների հետ: Հետազոտության արդյունքները թույլ են տալիս նախազգուշացնող և հնարավոր բարդությունները կանխող խորհուրդներ տալ նաև միջազգային կոնֆերանսների մասնակցած մեր արտասահմանցի գործընկերներին, ովքեր պատրաստվում են շախմատը ներառել դպրոցական ծրագրում:
Պրն. Սարգսյանն ընդգծեց այն փաստը, որ մենք դեռևս միայն առաջին քայլն ենք արել շախմատն ընդգրկելով կրտսեր դպրոցի ուսումնական պլանում, սակայն որպեսզի տանք ընդհանրական եզրակացություններ այն մասին, թե շախմատն ինչ ազդեցություն է ունենում երեխայի հոգեբանական զարգացման վրա, դեռ շատ անելիք կա: Շախմատի դասավանդման գործընթացի արդյունավետ կազմակերպման վրա ազդում են մի շարք գործոններ, որոնցից են լավ ուսուցիչը, լավ ուսումնական նյութի պատշաճ մատուցումը, մեթոդները և հնարները, որոնք պետք է կիրառվեն դասապրոցեսի ընթացքում փորձառու ուսուցչի կողմից, շախմատի կաբինետի համապատասխան կահավորումը, ծնողների մոտիվացիան, աշակետների ընդհանուր տրամադրվածությունը: Կա ահռելի աշխատանք, որը պետք է արվի այս գործոններից յուրաքանչյուրի ազդեցության ուսումնասիրման համար, և այս ու մի շարք այլ աշխատանքներ իրականցնելու նպատակով պրն. Սարգսյանը կարևորում է միջազգային համագործակցությունը հայտնի կոգնիտիվիստների, հոգեբանների և սոցիոլոգների հետ՝ վեր հանելու մտածողության տարբեր սխեմաները, հասկանալու համար, թե ինչպես կարելի է զարգացնել այդ սխեմաները դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նպատակով: «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ում կուտակված է մեծածավալ նյութ, որը պետք է տեսակավորվի և ուսումնասիրվի՝ բացահայտելով շախմատ առարկայի կրթական ողջ ներուժը:
Խոսելով շախմատի դասագրքերում տեղ գտած խնդիրների մի մասի մասին՝ պրն. Սարգսյանը փաստեց, որ հետազոտությունը ցույց է տալիս, որ կարիք կա դասագրքում մի շարք փոփոխություններ կատարել և խնդիրներից որոշները ընդգրկել գրքի լրացուցիչ առաջադրանքների բաժնում, գրքում առկա առաջադրանքները համապատասխանեցնել մանկավարժության մի շարք սկզբունքների հետ, որոնցից են հաջորդականությունը, մատչելիությունը և որոնք բազմիցս ապացուցել են իրենց գործունակությունը:
Պրն. Սարգսյանը կարևորում է այն հանգամանքը, որ շախմատի դասագիրքը և այն մատուցող ուսուցիչը պետք է դիտարկվեն ոչ թե որպես դիսկրետ երևույթներ, այլ որպես մեկ միասնական համակարգ: Եվ շատ կարևոր է ապահովել մանկավարժական բարձր որակներ ունեցող ուսուցիչների կողմից որակյալ նյութի մատուցումը կրտսեր դասարանների աշակերտներին: Պետք չէ մոռանալ, որ տարիներ են անհրաժեշտ լավ շախմատիստ-ուսուցիչ մասնագետի պատրաստման համար, և այդ առումով ՀՄՊՀ-ում 2017-2018թթ.-ից բակալավրի որակավորում շնորհող կրթական ծրագրի ներդրումը կարող է խթան հանդիսանալ որակյալ մասնագետներ պատրաստելու համար: Պրն. Սարգսյանը, ով երկար տարիներ զբաղվել է կոմպետենցիաների մոդելավորման ուսումնասիրությամբ որպես իր առջև դրված խնդիր տեսնում է շախմատի ուսուցչի կոմպետենցիաների և ընդհանուր առմամբ շախմատային կոմպետենցիաների ուսումնասիրությունը: Նա նաև նշում է, որ միջազգային հարթակներում հանդես գալով Հայաստանի անունից՝ անսահման հպարտությամբ է լցվում, երբ Հայստանի փորձը այս ոլորտում որպես էտալոնային է դիտարկվում, ինչն էլ ավելի է մեծացնում պատասխանատվությունը՝ զբաղվելու մի ոլորտի հետազոտություններով, որը գնալով թափ է հավաքում:
Հեղ.՝ Տաթև Խաչատրյան