«Շախմատ» առարկայի ազդեցության ուսումնասիրության սոցիոլոգիական ասպեկտները կրտսեր դպրոցականի զարգացման վրա
«Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ում, որը ՀՊՄՀ-ում գործում է 2015թ.-ից, հոգեբանների, մեթոդիստների և ներառական թիմի հետ մեկտեղ ուսումնասիրություններ է կատարում նաև սոցիոլոգների խումբը: Սոցիոլոգների հետ զրուցեցինք արդեն կատարած հետազոտությունների, դրանց իրականացման ժամանակ կիրառված մեթոդիկայի և արդյունքների, ինչպես նաև ապագայում սպասվող ուսումնասիրությունների մասին: Սոցիոլոգները նախ նշեցին, որ իրենց հետ համագործակցության սկիզբը դրվել է նախքան «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ի հիմնադրումը, և իրենք, պրն. Սմբատ Լպուտյանի կողմից ստանալով առաջարկություն՝ մասնակցելու հետազոտական շխատանքներին, ընդգրվել են Շախմատի ակադեմիայում տարվող հետազոտական աշխատանքների մեջ:
Առաջին հետազոտությունը, որն արվել է սոցիոլոգների կողմից, եղել է շախմատի՝ որպես ուսումնական առարկայի նկատմամբ հասարակության մեջ առկա վերաբերմունքի ուսումնասիրությունը: Հետազոտությունն ուղղված է եղել՝ պարզելու գործընթացի մեջ ընդգրկված բոլոր շահագրգիռ կողմերի՝ ուսուցչների, ծնողների և աշակերտների վերաբերմունքը շախմատի նկատմամբ: Համակողմանի մոտեցմամբ ուսումնասիրության է ենթարկվել նրանց վերաբերմունքը շախմատի առարկայի հանդեպ, բացահայտվել են կրթական միջավայրում գերիշխող սոցիոմշակութային կարծրատիպերը, ինչպես նաև վերաբերմունքը պայմանավորող այլ գործոններ: Հաջորդ մի քանի հետազոտությունները իրականացվել են գիտափորձերի միջոցով և ուղղված են եղել շախմատի և դրա ազդեցության ուսումնասիրությանը՝ պարզելու, թե շախմատը, որպես խաղային գործընթաց, ինչպես է ազդում աշակերտներիի մոտ սոցիալական և հոգեբանական որակների ձևավորման վրա: Արդյունքում տրվել է կրտսեր դպրոցականի արժեքային աստիճանակարգություն՝ պայմանավորված շախմատային կարողություններով ու հաջողություններով:
Ելնելով հետազոտական նպատակներից ու խնդիրների առաջնահերթությունից, որոնք էին ծնողի և ուսուցչի կողմից մատնանշվող դասագրքերի բարդությունը, հագեցածությունն ու յուրացման խնդիրը, իրականացվել է շախմատ առարկայի հանրակրթական դասագրքերի բովանդակային վերլուծություն (կոնտենտ անալիզ): Կոնտենտ վերլուծության արդյունքում սոցիոլոգները փորձել են պարզաբանումներ տալ այս դժգոհություններին և մեթոդիստ- մանկավարժներին հասցնել իրենց նկատառումները՝ համագործակցելով «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ի հետազոտող մեթոդիստ Սամվել Միսակյանի հետ:
Հետազոտությունների հաջորդ շարքն արդեն սկսվել է շախմատ առարկան դասավանդել պատրաստվող ուսուցիչների վերապատրաստումներին զուգահեռ, որոնք իրականացվել են Շախմատի ակադեմիայում: Ուսումնասիրությունն ուղղված էր դասընթացի կազմակերպման ընթացքում ծագած դժվարությունների վերհանմանը: Ցուցաբերվել է հոլիստիկ մոտեցում, այսինքն՝ համակողմանիորեն հետազոտվել են ուսուցչի կողմից դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման ապահովման ընթացքում ծագած խնդիրները, ինպես նաև նույն խնդիրները դիտարկվել են ծնողների և աշակերտների տեսանկյուններից: Հետազոտության արդյունքների ամբողջականության և հուսալիության ապահովման նպատակով իրականացվել է «Շախմատ» ուսումնական առարկայի դասաժամերի տեսագրությունների բովանդակային վերլուծություն, որի ընթացքում ուսումնասիրվել են դասավարման արդյունավետ մոդելները, դասապրոցեսի ժամանակ առաջացող խնդիրների հաղթահարման լավագույն ուղիները: Արդյունքում մասնագետների կողմից կատարված եզրակացությունները ամփոփ կերպով տրամադրվել են ուսուցիչներին՝ նրանց կողմից դասի արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով:
Հետազոտություն է իրականացվել նաև՝ ուսումնասիրելու «շախմատ» դասավանդողների սուբյեկտային որակները որպես մանկավարժական գործունեության ներդաշնակ միջավայր ստեղծելու գործընթացում որոշիչ պայման: Հետազոտության ընտրանքային համախմբության մեջ ներառվել են ինչպես առանց մանկավարժական որակավորման, այնպես մանկավարժական մասնագիտացմամբ շախմատ դասավանդող ուսուցիչներ: Ուսումնասիրվել են ուսուցիչների ապրումակցային ունակությունները. որքանո՞վ է նա ճանաչում աշակերտին, նրա հուզական արձագանքները տարբեր մանկավարժական իրավիճակներում, առաջնորդվում է, արդյո՞ք, շախմատ առարկայի դասավարման ընթացքում աշակերտի հուզական աշխարհը ճանաչելու խնդրով:
Ուսումնասիրությունների հաջորդ փուլում սոցիոլոգների կողմից իրականացվել է սոցիալական գիտափորձ՝ պարզելու, թե, արդյո՞ք, շախմատը որպես ուսումնական առարկա իր բոլոր հնարավորություններով զարգացնում է այլընտրանքային և պատկերավոր մտածողություն, ստեղծագործական ունակություններ: Սոցիալական գիտափորձի ընտրանքային համախմբությունը բաղկացած էր 2-4-րդ դասարանի աշակերտներից: Կիրառվել են սյուժետային-դերային, իրավիճակային մոդելավորման տեխնիկաներ՝ գնահատելու և ուսումնասիրելու վերոնշված ունակությունների զարգացման վրա «շախմատ» առարկայի ազդեցությունը: Համեմատական վերլուծություն է կատարվել 2 հիմնական և 2 ստուգիչ խմբերում ստացված արդյունքները: Տվյալ հետազոտությանը մանրամասն անդրադարձ է կատարվել նաև «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» թեմայով երկրորդ միջազգային գիտաժողովի ընթացքում:
Նշենք, որ տվյալների հուսալիության և հավաստիության որակների ապահովման նպատակով սոցիոլոգիական հետազոտությունների ընթացքում կիրառվել է տրանգուլյացիայի մեթոդը, այսինքն՝ համակցվել են սոցիոլոգիական հետազոտությունների մի քանի մեթոդներ: Հետազոտությունների ժամանակ կիրառված, բարձր արդյունավետություն ապահովող մեթոդներից են ֆոկուս-խմբի, հարցաթերթիկային հարցման (այն կիրառվում է զանգվածային հետազոտությունների դեպքում), փորձագիտական հարցման, խորին հարցազրույցի, սցենարային վերլուծությունների մեթոդները, որոնցից յուրաքանչյուրին տրվում է առաջնայնություն՝ կախված հետազոտության նպատակներից ու խնդիրներից:
Ոուսումնասիրվել է դպրոցների երևանյան մշակույթը և, կապված այն հանգամանքի հետ, որ Երևանի դպրոցներում դասարանները կազմված են մեծ թվով աշակերտներից, ի տարբերություն մարզերի, և հատկապես գյուղական համայնքների դպրոցների տարրական դասարանների, որտեղ կարող ենք հանդիպել նույնիսկ 5-6 հոգուց կազմված դասարանների, և ըստ այդմ էլ՝ ուսուցչի աշխատանքը այս դպրոցներում, ելնելով աշակերտների փոքր թվից, ավելի դյուրին է, Երևանում կատարված հետազոտությունների արդյունքները չեն կարող տարածվել ՀՀ մարզերի դպրոցների վրա: Երևանյան դպրոցների թիվ մեկ խնդիրն է հենց տարրական դասարաններում աշակերտների մեծ թիվը՝ երբեմն մինչև 40: Այս պարագայում ևս պետք է հաշվի առնել այն, որ շախմատի, ինչպես նաև լեզուների ուսուցումը առավել արդյունավետ է փոքր խմբերում, երբ աշակերտների թիվը չի գերազանցում 10-ը: Մայրաքաղաքում շատ են դպրոցները, որտեղ տարրական դասարաններում սովորում են մինչև 40 աշակերտներ, և այս դպրոցներում դասապրոցեսի արդյունավետ իրականացման հետ կապված խնդիրները ավելի ցցուն և վառ են արտահայտված, ավելի շատ են դասի արդյունավետ կազմակերպման ընթացքում առաջ եկող խոչընդոտները:
Երբ հետազոտողները դեռևս առաջին տարին էին իրականացնում ուսումնասիրությունները, կար ընդգծված ոգևորություն՝ անելու հնարավորը՝ ցույց տալու շախմատի ուսուցման նպատակահարմարությունը տարրական դպրոցում, և այդ նախատրամադրվածությամբ մտնելով դպրոց՝ նրանք հենց առաջին տարում արձանագրեցին շախմատի ուսուցման մի շարք դրական կողմերը, չնայած այն հանգամանքին, որ կային նաև դժվարություններ, որոնցից էր, օրինակ, շախմատի նկատմամբ հասարակության ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքը: Ուսումնասիրություններով զբաղվող մասնագետների մոտ ոգևորությունը ժամանակի հետ նվազեց, և ոլորտում առկա խնդիրներն ավելի խորը ըմբռնելուց հետո այն փոխարինվեց սկեպտիկական մոտեցմամբ: Սակայն, հետազոտությունների արդյունքների շարունակական ուսումնասիրման արդյունքում, այդ զգացումը ևս հաղթահարվեց, և առաջ եկավ ոգևորության նոր ալիք այն բանից հետո, երբ հետազոտությունները ցույց տվեցին, որ աշակերտները, ովքեր ունեն ավելի ցածր առաջադիմություն այն առարկաներից, որոնք ավանդաբար ուսուցանվել են դպրոցում և լավ սովորող աշակերտների մենաշնորհն են եղել, ինչի պատճառով էլ դասարանի ցածր առաջադիմությամբ աշակերտները հաճախ հայտնվում էին ստվերում, շախմատում ցուցաբերած հաջողությունների, սոցիալական բարձր ինտելեկտի և պրագմատիկության շնորհիվ՝ վերջինները ևս կարողանում են ակտիվորեն ընդգրկվել կրթական գործընթացի մեջ, և այդ հարցում անգնահատելի է շախմատի ունեցած դրական ազդեցությունը:
Սոցիոլոգ-հետազոտողները, ուսումնասիրելով ծնողների՝ որպես շահագրգիռ խմբի, շախմատ առարկայի նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխությունները, նշում են դրանց դրական տեղաշարժը: Այս դրական տեղաշարժի վրա իր ազդեցությունն է ունեցել շախմատի նկատմամբ հասարակական լայն դիսկուրսի փոփոխությունը և ծնողների միջև շփումների արդյունքում կարծիքների փոխանակությունը այն փաստի շուրջ, որ նրանցից մի մասի երեխաների վրա շախմատն ունեցել է զգալի դրական ներգործություն: Շախմատի ուսուցման համընդհանուր կիրառումը եկավ պայքարելու այն կարծրատիպային մտածելակերպի դեմ՝ ըստ որի շախմատային հաջողությունները բնորոշ են միայն տղաներին, իսկ աղջիկները պակաս օժտված են շախմատային ունակություններով:
Իրենց ապագա պլանների մասին խոսելիս սոցիոլոգներ Քրիստինա Տանաջյանը, Նելլի Մելքոնյանը և Նունե Գևորգյանը նշեցին, որ պատրաստվում են կատարել շախմատի նկատմամբ վերաբերմունքի ուսումնասիրման կրկնող հետազոտություն, որպեսզի կարողանան արդյունքները համեմատել արդեն նախկինում կատարված հետազոտությունների հետ՝ պարզելու վերաբերմունքի փոփոխության շարժընթացը: Ոլորտում առկա հիմնախնդիրների վերհանման նպատակով կատարվելու է նաև պանելային հետազոտություն: Սոցիոլոգներն իրենց առջև խնդիր են դրել նաև մանկավարժ-մեթոդիստ Սամվել Միսակյանի օգնությամբ ուսումնասիրել շախմատի հանրակրթական դասագրքերը և վերլուծել ու հասկանալ դրանց այն բացերը, որոնք կարող են խոչընդոտ լինել ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ-ծնող փոխհարաբերություններում: Հետազոտության արդյունքում փորձ կարվի այդ խնդիրներին տալ օպտիմալ լուծումներ և խաղերի միջոցով հնարավորություն կստեղծվի դասապրոցեսը դարձնել ավելի փոխներգործուն և իրավիճակային մոդելավորման սկզբունքներին համապատասխանող:
Սոցիոլոգ-հետազոտողները լավատեսություն հայտնեցին, որ չնայած ոչ մեծ մարդկային և ֆինանսական ռեսուրսների առկայությանը՝ «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ը առաջ է գնում փոքր, բայց հաստատուն քայլերով, և դրանց շարունակական ընթացքը կերաշխավորի այս ոլորտում մասնագիտական նորանոր ձեռքբերումները:
Հեղ.՝ Տաթև Խաչատրյան