ChessAcademy.am

«Շախմատ»-ի ուսուցման ազդեցությունը ԿԱՊԿՈՒ երեխաների հոգեկան գործընթացների և վարքի զարգացման վրա. ձեռքբերումներ և մարտահրավերներ

Շախմատի՝ որպես հանրակրթության անբաժանելի բաղադրիչ հանդես գալուն համընթաց, Հայկական պետական մանկավարժական համալսարանում հիմնադրված «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ում հոգեբաններին, սոցիոլոգներին և շախմատիստ-մեթոդիստներին զուգահեռ, իրենց հետազոտական աշխատանքներն են իրականացրել նաև այն մասնագետները, ովքեր զբաղվում են ներառական կրթությանը վերաբերող հիմնահարցերով և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների՝ որպես հասարակության լիարժեք անդամի կայացման ուղին հետազոտող ուսումնասիրություններով: Նրանց հետ զրույցը թույլ է տալիս կարծիք կազմել ինչպես ոլորտում առկա խնդիրների, որոնց լուծումը հնարավոր է միայն բարդ և հետևողական նվիրված աշխատանքի շնորհիվ, այնպես էլ այն ձեռքբերումների մասին, որոնք արձանագրվել են համընդհանուր ներառական կրթությանն աստիճանաբար անցում կատարելու և այլ առարկաների հետ մեկտեղ շախմատի ուսուցումը՝ որպես ԿԱՊԿՈՒ երեխաների՝ հասարակության մեջ ընդգրկման միջոց կիրառելու արդյունքում:

Հետազոտողներ Աննա Չարչյանը, ով հատուկ մանկավարժ և լոգոպեդ է և հոգեբան Անի Խուդոյանը հետազոտական կենտրոնում աշխատելու առաջարկը ստացել են ՀՊՄՀ դասախոս Վահան Սարգսյանից և կազմել են հետազոտական աշխատանքների՝ ներառական ուղղվածություն ունեցող թիմը և արդեն գրեթե երկու տարի է՝ իրականացնում են ԿԱՊԿՈՒ երեխաների անհատական վարքի և հոգեբանության ուսումնասիրությանն ուղղված գիտական աշխատանքներ, որոնց նպատակն է բնականոն զարգացում դրսևորող երեխաներից զատ՝ ուսումնասիրել նաև ԿԱՊԿՈՒ երեխաների զարգացման առանձնահատկությունները: Կատարվող հետազոտությունները միտված են ոչ թե բացահայտելու, թե ինչքանով է հնարավոր շախմատային հատուկ օժտվածությամբ աշակերտներ հայտնաբերել շախմատի՝ հանրակրթական դպրոցում ուսուցման շնորհիվ, այլ բացահայտել, թե շախմատի ուսուցումը ինչ ազդեցություն կարող է ունենալ ԿԱՊԿՈՒ երեխաների խոսքի, մտավոր և հոգեկան գործընթացների զարգացման վրա:

Մինչ օրս հետազոտողների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց միջոցով փորձ է արվել պարզել շախմատի ունեցած ազդեցությունը երեխաների վարքի վրա, այսինքն՝ թե ինչպես է շախմատն ազդում երերխայի վարքի և կամային որակների վրա, իսկ հետազոտության մյուս մասը վերաբերում է շախմատի՝ ԿԱՊԱԿՈւ երեխաների խոսքի և մյուս հոգեկան գործընթացների վրա ունեցած ազդեցությանը: Հետազոտության թիրախային խումբ հանդիսացել են հիմնականում մտավոր զարգացման խանգարում, աուտիզմ և հիպերակտիվություն ունեցող երեխաները: Կատարված հետազոտությունների արդյունքների ավելի ճշգրիտ վերլուծություն կարելի է անել հետազոտությունների՝ տարիներ տևող շարունակական իրականացման դեպքում և, հաշվի առնելով այս հանգամանքը, առավել ստույգ տվյալներ ստանալու համար հետազոտությունների իրականացման նախնական փուլում ընտրվել են զարգացման համեմատաբար թեթև խնդիրներ ունեցող երեխաներ, որպեսզի հնարավոր լինի կարճ ժամանակում տեսանելի դարձնել շախմատի ուսուցման ազդեցությունը նրանց վրա: Բնականաբար, եթե որպես հետազոտման թիրախային խումբ ընտրվեն մտավոր զարգացման լուրջ խնդիրներ ունեցող երեխաները, ապա նման հետազոտությունը, իհարկե, կպահանջի ավելի երկար ժամանակ:

Հետազոտվել են ԿԱՊԿՈՒ երեխաների հիշողությունը, ուշադրությունը, տեսողական ընկալումը, զգայական ընկալումը, երևակայությունը, տարածական պատկերացումը, խոսքը: Շատ հետաքրքրական է այս երեխաների մոտ հիշողության ուսումնասիրումը, քանզի, որպես կանոն, նրանք բոլորն ունեն լավ զարգացած մեխանիկական, այդ թվում՝ լսողական և տեսողական հիշողություն: Սա հիշողության այն տեսակի դրսևորումն է, որը որևէ կապ չունի մարդու սեմանտիկական դաշտի հետ: Այսինքն՝ շախմատն այս պարագայում օգտագործվում է որպես գործիք կամ միջոց՝ զարգացնելու այս երեխաների հոգեկան գործընթացները: Բացի խոսքից և մտավոր կարողություններից՝ երեխայի անհատական զարգացման բաղադրիչներից է նաև անձնային որակների՝ տարիքին համահունչ զարգացումը: Այս տեսանկյունից առավել կարևորվում է այն, որ շախմատի ուսուցման միջոցով ապահովվում է ԿԱՊԿՈՒ երեխաների շփման և իրենց հասակակիցների հետ հաղորդակցման գործընթացի արդյունավետ կազմակերպումը: Այս երեխաների ճնշող մեծամասնությունը, չնայած այն հանգամանքին, որ հաճախում է ներառական դպրոցներ՝ բախվում է միջավայրից մեկուսացած լինելու խնդրի հետ և դժվարությամբ է շփվում իր հասակակիցների հետ, և այս համատեքստում շատ կարևոր է շախմատի՝ որպես խաղի կատարած գործառույթը, այն է՝ շախմատը ստիպում է, որ երեխաները նստեն իրար դիմաց և խաղի միջոցով հաղորդակցվեն միմյանց հետ:

Շախմատի՝ որպես խաղի ունեցած համագործակցային բնույթը շատ կարևոր է բնականոն զարգացում ունեցող երեխաների համար նույնպես: Բայց, եթե նրանց համար դրա նշանակությունը կայանում է խաղի իրականացման մեջ, ապա ԿԱՊԿՈՒ երեխաների դեպքում շախմատի առաջնային գործառույթն է երեխայի՝ իր հասակակիցների հետ շփման ապահովումը, նրանց ներկայության, մասնակցության և նրանց հետ միջանձնային հարաբերություններ հաստատելու կարողությունը: Շախմատը հանդիսանում է լավագույն միջոցը այս գործընթացների արդյունավետ կազմակերպման համար: Օրինակ, ինչպես քաջ հայտնի է, աուտիզմ ունեցող երեխաներն ունեն շփման և հաղորդակցման խանգարումներ, և դրա արդյունքում վերջինները սոցիալական միջավայրից մեկուսացած են՝ լինի դա տանը, փողոցում, թե դպրոցում: Հատուկ մանկավարժության և լոգոպեդիայի մեջ կիրառվող այլ մեթոդներին զուգահեռ՝ շախմատը ևս լավ միջոց է՝ այս երեխաներին իրենց մեկուսացած վիճակից հանելու և նրանց սոցիալիզացիան արդյունավետ կազմակերպելու համար:

Զրույցի ընթացքում ներառական թիմի հոտազոտող-մասնագետներն անդրադարձան այն հիմնախնդիրներին, որոնք պետք է հաղթահարվեն՝ ԿԱՊԿՈՒ երեխաների լիարժեք ուսուցումը և հասարակության մեջ նրանց ներառումը կազմակերպելու համար: Այս իմաստով՝ նախ կարևորվում է մանկավարժի գործոնը: Մասնագետները նշում են այն փաստը, որ թեև մանկավարժական բուհում ապագա ուսուցիչները թե՛ բակալավրիատի, թե՛ մասգիստրատուրայի կրթական ծրագրերի շրջանակներում ուսումնասիրում են ներառական կրթությանը վերաբերող առարկաներ, այնուամենայնիվ, նրանք չեն տիրապետում այն մեթոդաբանությանը, որն անհրաժեշտ է ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատելու և դասապրոցեսն արդյունավետ կազմակերպելու համար: Այս պատճառով էլ այդ ուսուցիչները, չկարողանալով աշխատել ԿԱՊԿՈՒ երեխաների հետ, որպես ստեղծված իրավիճակի լուծում, առաջարկում են այդ երեխաներին առաձնացնել դասարանից և նրանց ուսուցումը կազմակերպել հատուկ մանկավարժի և հոգեբանի օգնությամբ: Ստացվում է, որ ներառումը փաստացի կորցնում է իր իմաստը, եթե ԿԱՊԿՈՒ երեխան նորից մեկուսացվում է իր հասակակիցներից: Այսինքն՝ ուսուցիչը ի վիճակի չի լինում տարբերակված ուսուցում կազմակերպել դասարանում և ապահովել բոլոր երեխաների ակտիվ մասնակցությունը դասապրոցեսին:

Ինչպես հայտնի է, մանկավարժության հիմնասկզբունքներից է այն, որ աշակերտների ցանկացած մեծության խմբի հետ աշխատելիս, այն բաղկացած լինի 3 թե 33 աշակերտից, ուսուցիչը պարտավոր է նրանց բաժանել ուժեղ, միջին և թույլ կարողություններ ունեցողների պայմանական խմբերի, և հարկ է, որ նա ունենա այս խմբերից յուրաքանչյուրի համար նախատեսված առաջադրանքների համապատասխան փունջ, ինչը թույլ կտա, որպեսզի և՛ ուժեղ, և՛ միջին, և՛ թույլ կարողություններով աշակերտները հետաքրքրվեն դասով և ընդգրկվեն դասապրոցեսի մեջ: Վերոնշյալն իրականացնելու համար ուսուցիչները պետք է տիրապետեն հատուկ հմտության՝ միաժամանակ կազմակերպելու տարբեր հետաքրքրություններ և ունակություններ ունեցող երեխաների ուսուցումը՝ խուսափելով այն իրավիճակից, երբ այս կամ այն շերտին պատկանող աշակերտը անտեսված է կամ ձանձրանում է: Այս համատեքստում դիտարկենք մի օրինակ. մտավոր հետամնացություն ունեցող երեխային, ով ունի խոսքի և հոգեկան գործընթացների (ուշադրություն, հիշեղություն, ընկալում, մտածողություն և այլն) խանգարում, բայց, միևնույն ժամանակ, ունի լավ զարգացած մեխանիկական հիշողություն, հնարավոր է նրա պահպանված հնարավորությունների առավելագույնս օգտագործման և շախմատի ուսուցման միջոցով զարգացնել նրա հոգեկան գործընթացները: Այս իմաստով՝ շախմատն ունի յուրահատուկ մոգական ազդեցություն՝ այսպիսի խնդիրներ ունեցող երեխաների թաքնված հնարավորությունների բացահայտման և դրանց զարգացման միջոցով նրանց՝ հասարակության մեջ ներառման վրա. այս պարագայում շախմատը ծառայում է որպես անփոխարինելի միջոց՝ վեր հանելու երեխաների պահպանված հնարավորությունները: ուսուցման ազդեցությունը ԿԱՊԿՈՒ երեխաների հոգեկան գործընթացների և վարքի զարգացման վրա. ձեռքբերումներ և մարտահրավերներ:

Ուշադրության դեֆիցիտով և գերակտիվությամբ, ինչպես նաև աուտիզմ ունեցող երեխաների ուսուցման ճիշտ կազմակերպման պայմաններում նրանք հետաքրքրվում են շախմատով, և քանի որ այս դեպքում մտավոր մի շարք կարողություններ պահպանված են, որոնց թվում է վառ երևակայությունը, ինչն ունի առաջնահերթ նշանակություն շախմատի նկատմամբ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու համար, շատ կարևոր է հմուտ մասնագետի կողմից երեխաների այս  կարողության ճիշտ օգտագործումը: Այս երեխաների վառ երևակայության ճիշտ օգտագործման շնորհիվ, որը հնարավոր է հոգեբանամանկավարժական հմուտ մոտեցման դեպքում, հնարավոր է գտնել ոչ ստանդարտ լուծումներ՝ շախմատի տարրական դասարանների դասագրքերում առաջադրված խնդիրներին:

Շատ կարևոր է ուսուցման գործընթացում կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք կկարողանան կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին ոչ միայն ընդգրկել ուսումնական գործընթացում, այլև նրանց մոտ կապահովեն առարկայի նկատմամբ շարունակական հետաքրքրություն, ինչը թույլ կտա նրանց ներառել սոցիումի մեջ: Այս առումով պետք է խորապես ուսումնասիրել միջազգային փորձը, որը թույլ է տալիս մասնագետ-մանկավարժին լիարժեք կարողությունների տեր երեխաների կողքին կազմակերպել ԿԱՊԿՈՒ երեխաների ուսուցումը: Արձանագրենք ևս մի կարևոր փաստ. անցում կատարելով ներառական կրթության իրականացմանը, որը երկարատև գործընթաց է և տևելու է մինչև 2025թ.-ը, Հայաստանում գործընթացի ոչ բոլոր օղակներն էին լիովին պատրաստ այս նորամուծությանը, այդ թվում՝ ինչպես ուսուցիչներն ու ծնողները, այնպես էլ ներառվող երեխաներն ու նրանց ընդունող սոցիումը: Այս առումով կարևոր է այն, որ հասարակությունը գիտակցի այն իրողությունը, որ ոչ թե ներառվող երեխան պետք է հարմարվի շրջապատող աշխարհին, այլ համակարգը պետք է հարմարվի ԿԱՊԿՈՒ երեխային անհրաժեշտ առանձնահատուկ պայմաններին, ինչի արդյունքում երեխան իրեն չի զգա օտարված: Այս մոտեցումը պետք է կիրառվի ոչ միայն դպրոցում, այլև մանկապարտեզում և բակում: Պետք է հասարակությունը գիտակցի, որ ներառման կարիք ունի ցանկացած անհատ, իսկ ԿԱՊԿՈՒ երեխաներն ունեն կրկնակի ուշադրության և առանձնահատուկ վերաբերմունքի կարիք: Այս համատեքստում հարկ է նշել նաև, որ կա նաև ֆիզիկական միջավայրի՝ ԿԱՊԿՈՒ երեխաների համար հասանելիության ապահովման խնդիր, ինչը թույլ կտա, օրինակ, հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին ազատ տեղաշարժվել ու կազմակերպել սեփական առօրյան: Այս նպատակով հարկ է դպրոցներում ունենալ ոչ միայն թեքահարթակներ, այլև հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հարմարեցված սեղան- նստարաններով համալրված դասասենյակներ:

Փորձելով օգնել ԿԱՊԿՈՒ երեխաներին շախմատ դասավանդող ուսուցիչներին՝ հաջողությամբ իրականացնելու ոչ միայն երեխաների ինտեգրացիան, այլև բովանդակային ներառումը, ինչը ենթադրում է նրանց ակտիվ մասնակցությունը դասապրոցեսին, մասնագետների կողմից մշակվել է հատուկ խաղերի ձեռնարկ, ինչը կօգնի գրավել ԿԱՊԿՈՒ երեխաների ուշադրությունը, նրանց մեջ շախմատի նկատմամբ բարձրացնել հետաքրքրությունը և վերջիններիս դարձնել ավելի նախաձեռնող: «Ի՞նչ տվեց ինձ շախմատը» թեմայով շարադրության արդյունքում հետազոտողներին պարզ է դարձել երեխաների համակրանքը շախմատի նկատմամբ և դրա պատճառները: Շախմատը, օրինակ, աուտիզմ ունեցող կամ ուշադրության դեֆիցիտով և գերակտիվությամբ երեխաների համար ստեղծում է հնարավորություն վերլուծելու սեփական վարքը և դրա դրական ու բացասական կողմերը: Շախմատի ուսուցումը տարրական դասարաններում նպաստում է մտավոր զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին՝ տարածական պատկերացումների ձևավորմանը, քանի որ շախմատային տախտակի վրա այս կամ այն խաղաքարի դիրքը և քայլերը պատկերացնելը մեծ ազդեցություն է ունենում նրանց տարածական պատկերացումների և տարածական ընկալման կարողությունների զարգացման վրա:

Որպես ապագա հետազոտությունների առարկա՝ ներառական հիմնախնդիրներով զբաղվող մասնագետները նախատեսում են կատարել հետազոտություն, որը թույլ կտա պարզել շախմատի ազդեցությունը աուտիզմ, ուշադրության պակասով և գերակտիվությամբ և մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների վրա՝ պարզելու, թե նրանցից որ խմբի հետ շախմատի ուսուցումը կտա լավագույն դրական արդյունքը: Այս բոլոր հետազոտություններն ուղղված են պարզելու, թե որոնք են լավագույն ուղիները՝ շախմատի ուսուցման միջոցով ապահովելու ԿԱՊԿՈՒ երեխաների ներառումը հասարակության մեջ՝ ստեղծելով հնարավորություն նրանց համար՝ լավագույնս դրսևորելու իրենց ունակությունները և կայանալու որպես հասարակության լիարժեք անդամներ: Կան ապագայի հետ կապված պլաններ նաև հետազոտություններ կատարել հատուկ դպրոցներում, որտեղ, ի տարբերություն ներառական կրթություն իրականացնող դպրոցների, սովորում են զարգացման լուրջ խնդիրներով երեխաներ, ովքեր ունեն խոսքի, լսողության, տեսողության, հենաշարժողական ապարատի և մտավոր զարգացման խնդիրներ: Նախատեսվում է հետազոտել շախմատի ազդեցությունը հուզական ինտելեկտի վրա:  Այս ոլորտին վերաբերող այլ հետազոտություններ թույլ կտան պարզել ներառական կրթության իրականացման լավագույն ուղիները և ուղղորդիչ դեր կկատարեն այն ուսուցիչների համար, որոնք ընդգրկված են ԿԱՊԿՈՒ երեխաների հետ տարվող ամենօրյա աշխատանքներում:

Հեղ.՝  Տաթև Խաչատրյան

 

 

 

 

 

 

 

 




Developed by LAB64 LLC