«Շախմատ» առարկայի կրթական չափորոշիչները.
ներբեռնելու համար սեղմել՝ այստեղ:
«Շախմատ» առարկայի նպատակներ, խնդիրներ և սպասվող արդյունքներ.
Սկսած 2011թ.-ից շախմատը ներգրավվել է տարրական դասարաններում, ինչի արդյունքում երեխան տրամաբանական խաղի շնորհիվ հնարավորություն է ստանում զարգացնելու իր մտավոր կարողությունները, ինչը նպաստում է երեխայի համակողմանի զարգացմանը: Ծրագրի նպատակն է՝ ձևավորել և զարգացնել կրտսեր դպրոցականների մտավոր կարողությունը, ուշադրությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, կամքի ուժը, նպատակասլացությունը և համբերությունը: Ակնկալվող արդյունքներն են՝ ծրագրի միջոցով զարգացնել կրտսեր դպրոցականների մտավոր կարողությունը, որը կնպաստի մյուս առարկաները ավելի դյուրին ըմբռնելուն, ինչպես նաև բացահայտել շախմատային օժտվածությամբ երեխաների:
Հարց է առաջանում, թե ինչու առաջացավ գաղափարը՝ շախմատն ընդգրկել տարրական դասարանների ուսումնական պլանում և կազմակերպել պարտադիր ուսուցում 2-4-րդ դասարաններում: Այս հարցի պատասխանը կարելի է գտնել՝ կանգ առնելով շախմատի՝ որպես կրթական համակարգի բաղադրիչի ունեցած նշանակության և դրանից բխող առանձնահատկությունների ուսումնասիրության վրա: Շախմատն ունի կրթական մեծ նշանակություն, որին կանդրադառնանք ստորև:
«Շախմատ» առարկայի ուսուցումը տարրական դպրոցում ունի կրթական մեծ ներուժ, որը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով.
- շախմատը նպաստում է սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը,
- շախմատում զարգացվում և կատարելագործվում են սովորողի երևակայությունը, վերլուծական կարողությունները` դրանով իսկ նպաստելով ուսումնական մյուս առարկաների արդյունավետ ուսումնասիրմանը,
- շախմատում դրսևորվում է նպատակին հասնելու համար հետևողական և քրտնաջան աշխատանքի անհրաժեշտությունը, որը նպաստում է աշակերտի հոգևոր աշխարհի ձևավորմանը,
- շախմատը, պարունակելով գիտության, արվեստի և սպորտի տարրեր, աշակերտի մեջ զարգացնում է ինքնուրույն աշխատանքի միջոցով հաջողությունների հասնելու կարողություններ:
Արվեստի առումով այն զարգացնում է աշակերտի ճաշակը, գեղեցիկն ընկալելու և գնահատելու կարողությունները: Սպորտի տեսանկյունից շախմատը զարգացնում է աշակերտի կամային որակները, մինչև վերջ պայքարելու, օբյեկտիվ լինելու, ճիշտ գնահատելու, ինչպես նաև արժանապատիվ պարտվելու կարողությունները: Շախմատը նպաստում է նաև աշակերտի ինքնադրսևորմանը, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների ձևավորմանը: Վերոնշյալ առանձնատակությունների շնորհիվ շախմատը ձեռք է բերում եզակի կրթական նշանակություն: Ելնելով վերոնշյալից՝ պահանջ առաջացավ շախմատը ներառելու տարրական դպրոցի ուսումնական պլանում:
Շախմատի ուսուցումն ունի նաև իր ուսումնական նպատակները, այն է՝
- ձևավորել և զարգացնել աշակերտի մտավոր կարողությունները,
- ձևավորել և զարգացնել աշակերտների ինքնակազմակերպման և ինքնուրույն գործունեության կարողություններն ու հմտությունները,
- զարգացնել աշակերտի ուշադրությունը, երևակայությունը, կամքի ուժը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը,
- զարգացնել աշակերտի հիշողությունը,
- բացահայտել շախմատային օժտվածությամբ երեխաների:
Որպես հանրակրթության պարտադիր բաղադրիչ՝ շախմատ առարկան ունի իր դասավանդման հիմնասկզբունքները, որոնք ուղեցույցի դեր են կատարում շախմատ դասավանդող ուսուցիչների համար՝ ապահովելու ինչպես թույլ և միջին, այնպես էլ ուժեղ կարողությունների տեր երեխաների ուսուցումը՝ համաձայն նախօրոք հաստատված ուսումնական պլանի:
Այսպիսով, շախմատ առարկայի դասավանդման հիմնական սկզբունքներն են.
- շախմատային կրթության անհրաժեշտությունը բոլոր սովորողների համար,
- յուրաքանչյուր աշակերտի համար հասանելիության ապահովումը,
- առարկայի ուսուցմանը սովորողների ակտիվ մասնակցությունը,
- առարկայի ուսուցման գործնական ուղղվածությունը:
Ըստ Կրթության և գիտության նախարարության հաստատած չափորոշչի՝ սովորողներին ներկայացվող պահանջները բաժանվում են 3 խմբի՝ համաձայն ուսուցման շերտային դասակարգման սկզբունքի: Ըստ այդմ՝ շախմատի դասավանդումը պետք է երաշխավորի Ա, Բ և Գ խմբերի աշակերտների պատշաճ ուսուցումը, որի արդյունքում նվազագույն, միջին և բարձր մակարդակի գիտելիքներով, կարողություններով և հմտություններով պետք է ապահովվեն տարրական դասարաններում սովորող բոլոր աշակերտները:
Շախմատի արդյունավետ դասավանդման շնորհիվ և արդյունքում սովորողը պետք է`
- գիտակցի և արժևորի շախմատի դերը երևակայության, տրամաբանական մտածողության, կամային որակների, դժվարին իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների ձևավորման և զարգացման գործում,
- գնահատի արդարությունն ու ազնվությունը,
- կարևորի ուշադիր և կենտրոնացված աշխատանքը,
- գիտակցի համագործակցված աշխատանքի կարևորությունը,
- գիտակցի շախմատ առարկայի անհրաժեշտությունը մյուս ուսումնական առարկաների ուսումնասիրության համար,
- հետաքրքրություն հանդես բերի շախմատ առարկայի նկատմամբ, գեղագիտական արժեքներ հայտնաբերի շախմատային ստեղծագործությունների նկատմամբ, հրճվանքի զգացում ունենա խնդիրներ լուծելիս,
- ունենա սեփական մտածելակերպի և կարողությունների նկատմամբ վստահություն,
- գիտակցի շախմատ առարկայի կարևորությունը անձի հետազոտական գործունեության, ինչպես նաև ինտուիցիայի զարգացման համար,
- գիտակցի շախմատային գիտելիքների կարևորությունը` հիմնավորված որոշումներ կայացնելու խնդրում:
Ամփոփելով շախմատի ուսումնական նպատակների, դրա առանձնահատկությունների և հիմնասկզբունքների ներկայացումը՝ նշենք, որ «Շախմատը դպրոցում» ծրագիրը իրականություն է դարձել այս գաղափարը որպես զարգացման ուղենիշ ընդունած և դրա կյանքի կոչման նպատակով իրենց ողջ մասնագիտական կարողությունները ներդրած անհատներից կազմված թիմի նվիրված աշխատանքի շնորհիվ: