ChessAcademy.am

Հայ հոգեբանների հետազոտությունները «Էգոսկոպ» հոգեբանական օբյեկտիվ վերլուծությունների և թեստավորման համալիրի միջոցով. ձեռք բերված արդյունքներ և ապագա անելիքներ

Հոգեբաններ Անժելա Սարգսյանն ու Արմինե Խաչատրյանը ևս ընդգրկված լինելով «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ի հետազոտական թիմում՝ իրականացնում են փորձարարական ուսումնասիրություններ՝ պարզելու «Շախմատ» ուսումնական առարկայի ազդեցությունը աշակերտների անհատական հոգեբանական առանձնահատկությունների զարգացման վրա: Նրանց հետ համատեղ աշխատանքի սկիզբը դրվել է այն բանից հետո, երբ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, սկսելով ղեկավարել ՀՊՄՀ Շախմատի և սպորտի ամբիոնը, ապագա համագործակցության նպատակով դիմել է Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանին՝ խնդրելով առաջարկել շախմատի ուսուցման հոգեբանական ասպեկտների ուսումնասիրությամբ զբաղվող 2 երիտասարդ մասնագետի, ովքեր պատրաստ կլինեին նվիրումով աշխատել այս ոլորտում:

Համագործակցության առաջին շրջանում հոգեբանները պարբերական այցելություններ են ունենում Հայաստանի շախմատի ակադեմիա և մասնակցում  հոգեբանների կողմից իրականացվող շախմատի ապագա ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստումներին: Այդ աշխատանքները իրականացվում էին հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի ղեկավարությամբ: Հոգեբաններ Արմինեն և Անժելան սկզբնական շրջանում զբաղված էին ոչ թե հետազոտությունների իրականացմամբ, այլ մասնակցում էին շախմատի ուսուցիչների վերապատրաստումների համար նախապատրատվող սեմինար-պարապմունքների նյութերի մշակման գործընթացին՝ առաջարկելով դրանց համար, իրենց կարծիքով, արդյունավետ մոդելը: Այդ ընթացքում Հայաստանի շախմատի ակադեմիայում ստեղծվում է «Շախմատի ուսումնահետազոտական լաբորատորիա» և սկիզբ է դրվում հոգեբանների առաջին համագործակցությանը Տագանրոկի Մեդիկոմ ՄՏԴ գիտաարտադրական ընկերության հետ, որտեղից էլ ձեռք բերվեց §էգոսկոպ¦-ը` հոգեբանական օբյեկտիվ վելուծությունների և թեստավորման միակ համալիրը Հայաստանում: Հայաստանի շախմատի ակադեմիայում բացված լաբորատորիան հետագայում ՀՊՄՀ-ում՝ «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ի հիմնադրումից ի վեր գործում է վերջինի կազմում:

«Էգոսկոպ» հոգեբանական օբյեկտիվ վերլուծությունների և թեստավորման համալիրի միջոցով կատարված առաջին հետազոտության թիրախային խումբ է ընտրվում 2-4-րդ դասարանների համակազմը, այսինքն՝ կրտսեր դպրոցում շախմատ ուսումնասիրող աշակերտները: Հետազոտությունն իրականացվել է ինչպես Երևանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս հանգամանքը մեծ ազդեցություն է ունեցել հետազոտության արդյունքների վրա, քանի որ ԼՂՀ-ում կար աշակերտների մի թիրախային խումբ, որը շախմատը, որպես հանրակրթական առարկա, չէր ուսումնաիրել դպրոցում: Սա հնարավորություն տվեց համեմատական վերլուծության ենթարկել շախմատ ուսումնասիրող երեխաների և դրա հնարավորությունը չունեցած աշակերտների զարգացման առանձնահատկությունները և շախմատ ուսումնական առարկայի ազդեցությունը: Ուսումնասիրության առարկան էին աշակերտների ուշադրության առանձնահատկությունները՝ կենտրոնացվածությունը, բաշխումը և տեղափոխելիությունը, ինպես նաև տրամաբանական մտածողությունը: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ կա հստակ տարբերություն շախմատ ուսումնասիրած և այն դպրոցում չսովորած աշակերտների հետազոտական ցուցանիշների միջև, և ըստ այդմ՝ աշակերտների առաջին խմբի մոտ վերոնշյալ հոգեկան գործընթացները զարգացման ավելի բարձր մակարդակ ունեն:

Հետազոտության երկրորդ փուլում որպես թիրախային խումբ ընտրվում է այլ համակազմ, և հետազոտության օբյեկտ են ընտրվում 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները: Ընդ որում՝ 6-րդ դասարանցիները դպրոցում շախմատ չէին ուսումնասիրել, 5-րդ դասարանցիներն արդեն ավարտել էին այն, իսկ 4-րդ դասարանցիները դեռևս շարունակում էին շախմատի ուսումնասիրումը: Այս անգամ ուսումնասիրվում էին ոչ թե աշակերտների ուշադրության որակները, այլ գործողությունների ներքին պլանավորումը, որոշումների ընդունման արագությունը, աշխատունակությունը և դրանց վրա շախմատի ազդեցությունը: Այս հետազոտության արդյունքում տեսանելի դարձավ 5-րդ և 6-րդ դասարանցիների միջև հստակ տարբերությունը այն իմաստով, որ մեր նշած որակները զարգացման ավելի բարձր մակարդակի վրա էին 5-րդ դասարանցիների մոտ, ովքեր հնարավորություն էին ունեցել շախմատ ուսումնասիրելու՝ ի տարբերություն 6-րդ դասարանցիների: Հետազոտության կարևորությունը կայանում է նրանում, որ բացահայտվեց շախմատ ուսումնական առարկայի՝ աշակերտների կողմից որոշումների ընդունման արագության վրա ունեցած ազդեցությունը: Շախմատի ազդեցությունը աշակերտների այս որակի վրա բացառիկ է, քանի որ կրտսեր դպրոցում շախմատը ուսուցանվող առարկաներից միակն է, որը նպաստում է դրա զարգացմանը:

Խոսելով շախմատի` որպես ուսումնական առարկայի՝ աշակերտների հոգեկան զարգացման վրա ունեցած ազդեցության մասին՝ մասնագետները նշում են, որ ցանկացած նորամուծություն, մուտք գործելով դպրոց, նախ՝ ի ցույց է դնում իր բացասական կողմերը, և ապա ժամանակի ընթացքում միայն բացահայտվում են դրա դրական կողմերն ու ազդեցությունը: Սխալ է պնդել, որ աշակերտներն իրենք կարող են զգալ շախմատի՝ իրենց վրա ունեցած այս կամ այն ներգործությունը: Այս գործընթացի գնահատողն են ծնողները ընտանիքում և ուսուցիչները դպրոցում: Վերջին 5 տարիներին ուսումնասիրելով հենց նրանց մոտեցումները շախմատի նկատմամբ՝ կարող ենք վստահաբար արձանագրել շախմատի՝ երեխայի վրա ունեցած բարերար ազդեցության փաստը: Նրանց հետ զրույցներում պարզ է դարձել նաև, որ շախմատը մեծ ազդեցություն է ունենում այլ առարկաների, օրինակ՝ մաթեմատիկայի, ավելի դյուրին ընկալման վրա: Եթե մաթեմատիկայից երեխան մի շարք հասկացությունների, օրինակ՝անկյունագծին, ծանոթանում է ավելի բարձր դասարաններում, ապա շախմատի ուսուցման արդյունքում դրանց մասին նա գաղափար է ունենում դեռևս երկրորդ դասարանից: Կարևոր է նաև շախմատի ազդեցությունը մայրենի լեզվի ընկալման հմտությունների վրա, քանի որ շախմատի հանրակրթական դասագիրքը գեղեցիկ հայերենով գրված և մի շարք նոր եզրույթներով լի շտեմարան է, որն իր դրական ազդեցությունն է ունենում աշակերտների լեզվամտածողության և հարուստ խոսքի ձևավորման ու զարգացման վրա: 

Շախմատը, ինչպես գիտենք, աշակերտների անձնային որակների ձևավորման վրա ևս ունենում է զգալի ազդեցություն: Լինելով խաղ և իր մեջ ունենալով մրցակցային տարր՝ այն աշակերտի մեջ սերմանում է առողջ մրցակցության ու սեփական պարտությունը պատվով կրելու գաղափարը: Որևէ այլ սպորտաձևի դեպքում երեխային հնարավարություն չի տրվում ինքնուրույն որոշում կայացնել և իր ձեռնարկած քայլերի համար պատասխանատվություն կրել: Անգամ պարտությունը և դրանից հետո մրցակցի հետ ձեռքսեղմումը աշակերտի մոտ ձևավորում են այնպիսի կարևոր մարդկային որակներ, որոնք անհնար է ձեռք բերել այլ առարկաների յուրացման ընթացքում:

Շախմատի ուսուցչին բնորոշ անհրաժեշտ որակներին անդրադառնալիս մասնագետները հատուկ կարևորեցին ազնվությունը: Ուսուցիչը պարտավոր է իր օրինակով դրսևորել այդ մարդկային որակը և խրախուսել ազնվությունը աշակերտների մեջ: Շատ կարևոր է նաև շախմատի ուսուցչի կողմից իր դասավանդած առարկայի նկատմամբ հատուկ վերաբերմունքը և սերը: Այս որակներից զատ՝ ուսուցիչը պետք  է լիովին տիրապետի շախմատ առարկայի նրբություններին և կարողանա դրանք պատշաճ կերպով մատուցել աշակերտներին՝ նրանց համար դառնալով հեղինակություն: Ուսուցիչների մոտ այս որակների զարգացման նպատակով՝ նրանց հետ կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ և վերլուծվել են հանդուրժող և անհանդուրժող ուսուցիչներին բնորոշ հատկանիշները՝ փորձելով օգնել նրանց՝ հետագայում դասապրոցեսի ժամանակ դրսևորել իրենց լավագույն որակները: Շախմատի ոլորտում արված հետազոտությունները հոգեբանների առջև բացել են բավականին լայն դաշտ՝ դրսևորելու իրենց մասնագիտական հմտությունները, մասնակցելու ոլորտի հիմնահարցերի վերլուծությամբ զբաղվող մասնագետների հետ հանդիպումների՝ միջազգային գիտաժողովների շրջանակներում: 

«Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ում աշխատելու շնորհիվ հոգեբանները պատիվ են ունեցել Հայաստանում լինելու այն եզակի մասնագետներից, ովքեր օգտվել են հոգեբանական օբյեկտիվ թեստավորման և վերլուծությունների այնպիսի համալիրից, ինչպիսին էգոսկոպն է, որի կիրառման դեպքում, ի տարբերություն թղթային տարբերակով արվող հետազոտությունների, ապահովվում է հետազոտական արդյունքների հուսալիությունը, հավաստիությունն ու օբյեկտիվությունը: «Էգոսկոպ» համալիրի կիրառումը շախմատ ուսումնական առարկայի ձեռքբերումների ուսումնասիրման նպատակով նպաստում է ոչ միայն շախմատի՝ որպես ուսումնական առարկայի զարգացմանը, այլև այս հետազոտություններով սկիզբ է դրվում հոգեբանական հետազոտությունների նոր փուլի, որի ընթացքում մասնագետը հետազոտությունն իրականացնում է ոչ թե թեստերի թղթային տարբերակով, այլ համալիրում առկա օբյեկտիվ ծրագրի, որը օգնում է հետազոտողին,պատկերավոր ասած, կորցնել իր ես-ը և չազդել հետազոտությունների վերջնական արդյունքների վրա: «Էգոսկոպ» համալիրի կիրառման արդյունքում հետազոտողը հնարավորություն չի ունենում ունենալ իր սուբյեկտիվ ազդեցությունը ուսումնասիրության արդյունքների վրա: 

Այսպիսով, ամփոփելով շախմատ ուսումնական առարկայի շուրջ հոգեբանների կատարած հետազոտությունները, կարող ենք փաստել, որ դրանք ոչ միայն հիմնավորեցին շախմատի դասավանդման կարևորությունը, այլև հոգեբանական հետազոտություններին տվեցին նոր որակ և հոգեբան-հետազոտողների համար բացեցին մասնագիտական հետքրքրությունների նոր՝ ավելի լայն դաշտ: Վերոնշյալի վառ ապացույցն է նաև այն, որ հետազոտող Անժելա Սարգսյանը՝ որպես իր ատենախոսության թեմա ընտրել է «Շախմատի կրթական արժեքների ձևավորման հոգեբանական մեխանիզմները տարրական դասարաններում»: Նա և Արմինե Խաչատրյանը զրույցի ավարտին նշեցին, որ այս ոլորտում հետազոտական աշխատանքները ավելի խորացնելու համար հարկ է, որ միջազգային հարթակում հանգամանալից ներկայացվեն հայ հետազոտողների կողմից վերջին տարիներին իրականացված ուսումնասիրությունները՝ հանրային և մատչելի դարձնելով դրանց ընդհանրական արդյունքները: Այս տեսանկյունից հետազոտողները կարևորեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված «Շախմատը դպրոցում» և «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնախնդիրները» թեմաներով 2 միջազգային գիտաժողովները, որոնց արդյունքում կապեր են հաստատվել տարբեր երկրներում շախմատի կրթական նշանակությունն ուսումնասիրող մասնագետների հետ: 

Հեղ.՝ Տաթև Խաչատրյան​

 

 




Developed by LAB64 LLC