«Շախմատը դպրոցում» ծրագրի նախապատրաստումն ու իրականացումը. գաղափարից մինչև իրականություն
«Շախմատը դպրոցում» ծրագիրը իրականություն է դարձել այդ գաղափարը որպես զարգացման ուղենիշ ընդունած և դրա կյանքի կոչման նպատակով իրենց ողջ մասնագիտական կարողությունները ներդրած անհատներից կազմված թիմի նվիրված աշխատանքի շնորհիվ: Այդ թիմը տարիներ շարունակ ղեկավարում է գրոսմայստեր, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, ում հետ զրուցեցինք ծրագրի կայացման բարդ և աշխատատար գործընթացի մասին: Պրն. Լպուտյանն իր խոսքի սկզբում նշեց, որ շախմատ առարկան դպրոցի ուսումնական ծրագրի մեջ ներառելու գաղափարն ունի տարիների պատմություն, և քննարկումներ ունենալով տարբեր մասնագետների հետ, այդ թվում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ, պրն. Լպուտյանը համոզվել է գաղափարի կենսունակության մեջ և, ինչպես ինքն է շեշտում, հոգատարություն է դրսևորել այդ գաղափարի իրականացման նկատմամբ՝ լինելով ակտիվ դերում՝ անելու հնարավորը, որպեսզի շախմատը մտնի դպրոց և կարողանա իրականացնել իր առջև դրված խնդիրները: Անհնար է չնշել նաև գաղափարի իրականացման ընթացքում Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությունը:
Որպես գաղափարի հաջող իրականացման գրավական՝ պրն. Լպուտյանը կարևոր քայլ է համարում մինչև դրա կյանքի կոչումը ոլորտում տարված հսկայածավալ աշխատանքը՝ շախմատը մասսայականացնելու և այն դպրոց մտցնելու համար նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ: Մինչև շախմատի՝ տարրական դպրոցի ուսումնական պլանի մաս դառնալը հանրակրթական դպրոցներում, սկսած 2005թ.-ից, անցկացվում էին շախմատի ամենամյա օլիմպիադաներ, և հասարակության մեջ արդեն կար շախմատի նկատմամբ ձևավորված համակրանք: Իսկ եթե հաշվի առնենք նաև Հայաստանի շախմատի ազգային հավաքականի՝ այդ ընթացքում արձանագրած հաջողությունները և դրանց ոգևորիչ նշանակությունը նոր սերնդի համար, կարող ենք փաստել, որ հասարակության լայն շերտերի մոտ շախմատի նկատմամբ ընդգծված հատուկ դրական վերաբերմունքը օրինաչափ էր:
«Շախմատը դպրոցում» ծրագրի նախապատրաստական փուլը սկսվել է դեռևս 2008թ.-ից: Կառավարության աջակցությամբ դպրոցներում նախ ստեղծվեցին համապատասխան պայմաններ, որպեսզի վերջինները կարողանային կազմակերպել շախմատի ուսուցումը, և ըստ այդմ էլ դպրոցները նախ ապահովվեցին համապատասխան գույքով, ինչը թույլ տվեց կազմակերպել շախմատի ուսուցումը: Տարվող նախնական աշխատանքների ընթացքում պետք էր նաև կենտրոնացնել լավագույն հոգեբանների, սոցիոլոգների, մեթոդիստ-շախմատիստների ուժերը՝ դրանք շախմատի դասապրոցեսի կազմակերպման սկզբունքների մշակմանը և ներդրմանը ծառայեցնելու նպատակով: Մասնագետների ընտրության առումով շատ կարևոր էր շախմատի հանրակրթական դասագրքերի հեղինակի ընտրությունը: Ինչպես դասագրքերի, այնպես էլ աշխատանքային տետրերի և ուսուցիչների համար նախատեսված մեթոդական ձեռնարկների կազմման պատասխանատվությունը վստահվեց Համլետ Թումանյանի:
Պրն. Լպուտյանի խոսքով՝ անհրաժեշտ էր գտնել մի այնպիսի մասնագետ, ով երկար տարիներ շփում էր ունեցել մանուկների հետ և մոտ էր կանգնած մանկական հոգեբանությանը, քաջածանոթ էր շախմատի ուսուցման սկզբունքներին և դրա միջազգային փորձին, ով կունենար յուրօրինակ և ստեղծագործական մտածելակերպ և կլիներ մեծ փորձով մեթոդիստ-մանկավարժ, ով կներդներ իր ողջ կարողությունները՝ ստեղծելու շախմատի հանրակրթական դասագրքերը: Հենց այս հատկանիշներով էլ օժտված է Համլետ Թումանյանը: Պրն. Լպուտյանի կարծիքով՝ շախմատի դասագրքերը հարմոնիկ են և դրանցում ներկայացված են ինչպես պարզ, այնպես էլ բարդ մակարդակների շախմատային խնդիրներ: Գրքերում հայկական շունչ կա, քանի որ հեղինակը փորձել է վերլուծել բոլոր ժամանակների հայ շախմատիստների լավագույն պարտիաները: Դա բավականին մանրակրկիտ և բարդ աշխատանքի արդյունք է, և դրա շնորհիվ շախմատի դասագրքերը առանձնանում են իրենց տեսակով: Դրանց ամբողջականությունն ապահովում է ոչ միայն հեղինակի կողմից ցուցաբերված մասնագիտական դիպուկ մոտեցումը, այլ նաև այն, որ դրանցում առկա է գրաֆիկական բարձ մակարդակի աշխատանք, ինչն արտացոլում է դասի բովանդակությունը և աշակերտի համար հուշող դեր է կատարում՝ գտնելու ամենախրթին խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Գրքերի հաջողության գրավականը եղել է հեղինակի և ողջ խմբագրական կազմի համատեղ, նվիրված աշխատանքը, ընդ որում այս գործընթացի մեջ ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 12 մասնագետ:
Շախմատի ուսուցումը հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարաններում ապահովեց շախմատի էլ ավելի մեծ մասսայականացումը, սակայն սա չէր ծրագրի գլխավոր նպատակը: Բուն նպատակն է շախմատի միջոցով տարրական դպրոցների աշակերտների մտածողության զարգացումը: Նպատակի իրականացումը փաստացի արդյունքներով արձանագրելու համար՝ շախմատի՝ դպրոցում ուսուցմանը զուգահեռ իրականացվել և իրականացվում են հոգեբանական, սոցիոլոգիական, ինչպես նաև ներառական ուղղվածությամբ հետազոտություններ՝ պարզելու շախմատի ունեցած ազդեցությունը երեխայի անհատական զարգացման վրա: Պրն. Լպուտյանի խոսքով՝ այդ հետազոտությունների արդյունքները և երեխաների՝ շախմատի նկատմամբ ցուցաբերած սերը ոգևորում են՝ շարունակելու սկսած գործը: Այս իմաստով պրն. Լպուտյանը գնալով համոզվում է, որ շախմատի ուսուցումը հանգեցնելու է մտածող, իր հետագա քայլերը ծանր ու թեթև անող ապագա գիտակից քաղաքացու ձևավորմանը:
Հետազոտական աշխատանքների իրականացման արդյունավետ կազմակերպմանը մեծապես նպաստում է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ի գործունեությունը: Այս կենտրոնում իրականացվող հետազոտությունների արդյունքները օգնում են ոլորտով հետաքրքրվող ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի մասնագետներին՝ ծանոթանալու շախմատի միջոցով աշակերտների կրթական լավագույն որակների հայտնաբերման և դրանց զարգացման հնարավորությունների բացահայտման ուղղությամբ արված ուսումնասիրություններին: Որպես «Շախմատը դպրոցում» ծրագրի իրականացման ճանապարհին հանդիպած գլխավոր մարտահրավեր՝ պրն. Լպուտյանն առանձնացնում է շախմատի որակյալ մասնագետների պատրաստումը, ինչի շարունակական հաջող իրականացումը միայն կարող է երաշխավորել «Շախմատը դպրոցում» ծրագրի կայացումը: Այս նպատակով ՀՊՄՀ-ում, սկսած 2017թ.-ից, կատարվելու է բակալավրիատի կրթական ծրագրով քառամյա ուսուցում, ինչի արդյունքում կունենանք էլ ավելի մեծ թվով շախմատիստ- մանկավարժներ: Հաջորդ կարևոր խնդիրը ծնողների և ամբողջ հասարակության իրազեկումն է շախմատային արժեքների և կրթական նպատակների շուրջ: Այս գործընթացի հետևողական իրականացման շնորհիվ հասարակության մեջ նկատելի է շախմատի նկատմամբ էլ ավելի ջերմ վերաբերմունքի փոփոխության դրական միտումը:
Այլ երկրներում, որոնք ձգտում են դպրոցի ուսումնական ծրագրերում ընդգրկել հնագույն խաղը, շախմատի ուսուցման հայկական փորձի տարածման նպատակով՝ արդեն 3 տարի է, ինչ ակտիվ աշխատանքներ են տարվում շախմատի հեռավար ուսուցման ծրագրի զարգացման ուղղությամբ, ինչը թույլ կտա օտարերկրյա մասնագետներին հեշտությամբ յուրացնել և կիրառել այս ոլորտում առկա հայկական փորձը:
Պրն. Լպուտյանի համոզմամբ՝ շախմատի ուսուցման արդյունավետության գնահատումն ավելի ստույգ հնարավոր կլինի տալ մոտավորապես 10-15 տարի անց, երբ շախմատը դպրոցում ուսումնասիրած երեխաները մուտք կգործեն մեծ կյանք և կծառայեցնեն իրենց հմտությունները՝ հանուն ՀՀ այս կամ այլ ոլորտի դինամիկ զարգացման:
Ամփոփելով իր խոսքը՝ պրն. Լպուտյանը նշում է, որ շախմատի զարգացման համար Հայաստանում առկա է լավ միջավայր, կա մեծ թվով գրոսմայստերների լավ թիմ, որը կարծես մեկ ընտանիք լինի, շախմատը մասսայականություն է վայելում, և այս ամենը առաջին հերթին լավ կազմակերպված աշխատանքի, համախմբած լինելու և մի փոքր էլ հայերի՝ առանձնահատուկ մտավոր օժտվածության արդյունք է: Այս ամենում մեծ է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ոլորտի անմիջական ղեկավարման դերը, ինչի շնորհիվ Հայաստանը աշխարհում ճանաչվեց որպես շախմատային գերտերություն:
Հեղ.՝ Տաթև Խաչատրյան