Շախմատի դասագրքերի խմբագրման գործընթացը՝ ըստ Ռազմիկ Ավագյանի. առաջացած խնդիրներն անհրաժեշտ է հաղթահարել
Շախմատի հանրակրթական դասագրքերի խմբագրման գործընթացի մասին զրուցեցինք հանրակրթական դասագրքերի խմբագրման աշխատանքներին մասնակցած մասնագետներից Ռազմիկ Ավագյանի հետ, ով մանկավարժ է, շախմատիստ, մրցավար և երկար տարիներ աշխատել է «Շախմատային Հայաստան» հանդեսում: Նա ևս այդ թիմում աշխատելու հրավերը ստացել է Շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանից և սիրով ընդունել է համագործակցության առաջարկը:
Պրն. Ավագյանը նշում է, որ իրենք՝ խմբագրական կազմի անդամները, Համլետ Թումանյանի կողմից ստանում էին դասագրքի առանձին գլուխները և ըստ հերթականության խմբագրում էին դրանք: Ըստ այդմ` դասերը դրվում էին ըստ հերթականության և համալրվում էին տեքստային շարադրանքով: Այս գործընթացն ուղեկցվում էր խմբագրական կազմի անդամների միջև ծավալվող բուռն քննարկումներով և ի վերջո ընդհանուր համաձայնության ձեռքբերմամբ: Ժամանակ առ ժամանակ գրքի խմբագրակազմը հանդիպում էր գրքի հեղինակ Համլետ Թումանյանի հետ՝ կատարելու ճշտումներ և ճշգրտումներ, ինչի արդյունքում կողմերը գալիս էին ընդհանուր հայտարարի: Ըստ պրն. Ավագյանի՝ գրքի խմբագրման ընթացքում, հաշվի առնելով կրտսեր դպրոցականների առանձնահատկությունները, որպես առավել կարևոր սկզբունք դիտարկվում էր այն, որ ուսումնական նյութը պետք է հարմարեցված լիներ կրտսեր դպրոցականի հնարավորություններին, պետք է հետաքրքրություն առաջացներ նրանց մոտ շախմատ առարկայի և խաղի նկատմամբ՝ անելով ամեն հնարավորը՝ զարգացնելու նրանց մտածողությունը և տրամաբանելու կարողությունը:
Փորձելով գնահատել խմբագրական աշխատանքների և բուն դասագրքերի որակը՝ պրն. Ավագյանը ընդգծեց, որ հետադարձ հայացք նետելով կատարված այդ ահռելի աշխատանքի վրա՝ պետք է ընդունել, որ գիրքն ունի փոփոխությունների և ավելի որակյալ տեսքով մատուցման կարիք: Մասնավորապես, այս ընթացքում նաև դպրոցում դասավանդելով շախմատ առարկան, պրն. Ավագյանը համոզվել է, որ կարիք կա որոշակի փոփոխություններ անել դասագրքում՝ հանելով որոշ թեմաներ և դրանք փոխարինել այլ բնույթի նյութերով, քանզի առկա որոշ թեմաների բարդությունն այնպիսին է, որ հասանելի է շախմատային օժտվածությամբ երեխաներին միայն, իսկ շախմատի՝ հանրակրթության մաս դառնալու առաջնային նպատակը, առաջին հերթին, կրտսեր դպրոցականների մտածողության զարգացումն է, և գրքում զետեղված թեմաներն էլ պետք է ունենան հենց այդ ուղղվածությունը: Բացի այդ, ապագայում պետք է նաև փորձ արվի գրքում ընդգրկել երեխաների համար շախմատ առարկայի ուսուցումն ավելի հետաքրքիր և գրավիչ դարձնող խաղեր և վարժություններ, ինչի շնորհիվ երեխայի մոտ ցանկություն կառաջանա շախմատը 3 տարի սովորելուց հետո շարունակել դրանով զբաղվել նաև հետագայում:
Մասնագետի դիտարկմամբ՝ շախմատի 2-4-րդ դասարանների հանրակրթական դասագիրքը կառուցված է այնպես, որ դժվարություն չներկայացնի միջին կարողությունների տեր կրտսեր դպրոցականների համար, սակայն որքան էլ պարադոքսալ է, երբեմն հանդիպում են դեպքեր, երբ հնչում են բողոքներ այն մասին, որ դասագիրքը, այնուամենայնիվ, փոքր-ինչ բարդ է, և երեխաները դժվարանում են լուծել դրանցում առաջադրված խնդիրները: Ըստ պրն. Ավագյանի՝ դրա պատճառն այն է, որ կրտսեր դպրոցականների մի ստվար զանգված ունի միջինից ցածր կարողություններ: Վկայակոչելով հոգեբանների այն կարծիքը, ըստ որի առաջին անգամ դպրոց ոտք դնող աշակերտների մի մասն այսօր պատրաստ չէ դպրոցի պահանջներին՝ պրն. Ավագյանը պնդում է, որ մենք գործ ունենք համակարգային խնդրի հետ: Դպրոց հաճախող այս երեխաների մոտ առաջին իսկ օրվանից սկսում են խնդիրներ առաջանալ՝ կապված ուսումնական գործընթացի հետ, և, բնականաբար, նրանք դժվարությունների են հանդիպում նաև շախմատ առարկան ուսանելիս, ինչն անխուսափելի է, քանի որ շախմատը պահանջում է յուրատեսակ ինտելեկտի առկայություն:
Շախմատ առարկայի հաջող ուսուցանումը կազմակերպելու համար պետք է հավասարապես կարևորել և՛ դասագրքի, և՛ այն մատուցող մասնագետի՝ շախմատի ուսուցչի դերը: Ուսուցիչների դեպքում առանձնահատուկ կարևոր են ոչ միայն նրանց շախմատային գիտելիքները, այլև մանկավարժական որակները ևս: Շախմատ պետք է դասավանդեն այն մասնագետները, ովքեր գրքերում ընդգրկված թեմաների շրջանակներում լավագույնս և, որ ամենակարևորն է, հետաքրքիր ձևով կարող են մատուցել ուսումնական նյութը աշակերտներին: Շատ կարևոր է, որ այժմ ՀՄՊՀ-ն հանրակրթական դպրոցների համար պատրաստում է ուսուցիչներ:
Անդրադառնալով գրքի որակին հայերենի մատուցման տեսանկյունից՝ պրն. Ավագյանը նշեց, որ գրքում կիրառված լեզուն ոճական առումով հաջողված է՝ շնորհիվ հայագետ Գագիկ Մինասյանի կողմից կատարված պրոֆեսիոնալ աշխատանքի: Ինչ վերաբերում է խմբագրական թիմի անդամների միջև երբեմն առաջացող որևէ տերմինի այս կամ այն տարբերակի թարգմանության հետ կապված տարաձայնություններին, պրն. Ավագյանի կարծիքով դրանցից իսպառ խուսափելն իհարկե անհնար էր: Օրինակ՝ գրքում կիրառված է «օժանդակ մատ» տերմինը. ժամանակին օգտագործվել է «համագործակցված մատ»-ը, և պրն. Ավագյանը ավելի հակված է տերմինի հին տարբերակին:
Բարձր գնահատելով շախմատի՝ դպրոցական ծրագրի մեջ ընդգրկելու գաղափարի կարևորությունը՝ պրն. Ավագյանը շեշտեց, որ այդ գաղափարի հաջող իրականացումը կապված է ոլորտում առկա մի շարք խնդիրների և մարտահրավերների հաղթահարման հետ, որոնց մի մասն ունեն օբյեկտիվ, իսկ մյուս մասը՝ սուբյեկտիվ բնույթ, և այս ուղղությամն հարկ է տանել ամենօրյա համակարգված թիմային աշխատանք:
Հեղ․՝ Տաթև Խաչատրյան