«Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» միջազգային կոնֆերանս
2016-10-03Ս.թ. հոկտեմբերի 1-ից 2-ը Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» թեմայով միջազգային կոնֆերանսը: Այն կազմակերպել էին Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը՝ ՖԻԴԵ-ի, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ: Երկօրյա կոնֆերանսին մասնակցում էին ավելի քան 15 երկրների 50 ներկայացուցիչներ (Իսպանիա, Հունգարիա, Անգոլա, ԱՄԷ, Լեհաստան, Բելառուսիա, Սլովակիա, Վրաստան, Ուրուգվայ, Բելգիա, Հնդկաստան, Իրան, Լյուքսեմբուրգ, Ռուսաստան և Հայաստան):
Կոնֆերանսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Կրթության և գիտութան նախարար Լևոն Մկրտչյանը, Հյաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և ՖԻԴԵ-ի «Շախմատը դպրոցում» հանձնաժողովի նախագահ Քեվին Օ'Քոննելը:
Նախքան զեկուցումներին անցնելը կոնֆերանսի մասնակիցների և հյուրերի ուշադրությանը ներկայացվեց «Շախմատը դպրոցում» հայկական ծրագրի մեծ փորձի մասին պատմող ֆիլմը:
Այնուհետև, ՀՀ Կրթության և գիտության նախարան պրն. Մկրտչյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Նա անդրադարձավ շախմատի կարևոր նշանակությանը՝ շեշտելով, որ, որպես դպրոցում դասավանդվող առարկա, այն զուտ հայկական է: «Այն օգնում է ինքնուրույն մտածելակերպի զարգացմանը, երեխաները ձեռք են բերում կյանքի տարբեր իրավիճակներն ընկալելու և ավելի տրամաբանված որոշուներ կայացնելու հատկություններ: Շախմատը՝ որպես դպրոցում դասավանդվող առարկա, ունի նաև իր դրական ազդեցությունը մաթեմատիկայի ընկալման վրա»,-ասաց նախարարը: Նա կարևորեց այն փաստը, որ շախմատի ուսուցումը դպրոցական ծրագրի շրջանակներում դպրոցում կատարված հաջող նորարարության եզակի օրինակ է, և մենք չունենք որևէ բացասական արձագանք: Առավել քան կարևոր է այն, որ «Շախմատը դպրոցում» ծրագիրը աշխարհի տարբեր կողմերից Հայաստան է բերում մասնագետների՝ ուսումնասիրելու հայկական փորձը և այն կիրառելու իրենց երկրներում»,- եզրափակեց նախարարը:
Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ պրն. Սմբատ Լպուտյանը կարևորեց այն փաստը, որ հայկական փորձն այս ոլորտում և շախմատի ներառումը տարրական դպրոցի ուսումնական ծրագրերում մեծ արձագանք գտավ աշխարհի տարբեր երկրներում և ուրախալի է, որ օտարերկրացի մասնակիցները, որոնք ներկա են կոնֆերանսին, նույնպես ձգտում են հետևել հայկական օրինակին: Պրն. Լպուտյանը նաև նշեց, որ կոնֆերանսի ընթացքում հոգեբանները, սոցիոլոգներրը և մեթոդիստները կներկայացնեն իրենց մասնագիտական կարծիքները, որոնք Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում 2015թ.-ի հունվարին հիմնադրված «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ի քրտնաջան աշխատանքի արդյունքն են:
Շախմատի եվրոպական միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին ևս հանդես եկավ ներկաներին ուղղված ողջույնի խոսքով: «21-րդ դարում տեղեկատվության հոսքը բավականին մեծ է, և դա առաջացնում է մի շարք հիմնախնդիրներ, և հաճախ մարդիկ չեն կարողանում լուծում տալ դրանց արդյունքում առաջացած բազում խնդիրներին: Ձեզանից ոմանք կարող են հարցնել թե ի՞նչ կապ ունի շախմատը տեղական և համաշխարհային քաղաքականությանը վերաբերող հիմնախնդիրների, ինչպես նաև կյանքին վերաբերող հարցերի հետ: Ես կասեմ, որ շախմատիստները շատ տաղանդավոր մարդիկ են, որոնք ունեն բնավորության՝ իրենց հետագա քայլերը հաշվարկելու շատ կարևոր գիծը: Շախմատը ոչ միայն խաղ է, այլև գիտություն. գիտություն կյանքի մասին: Ես շատ ուրախ եմ, որ աշխարհի հնագույն երկրներից մեկում՝ Հայաստանում, հղացել է միտքը ուսուցանել շախմատը` որպես դպրոցական առարկա, և այժմ Հայաստանի Հանրապետությունը հրաշալի օրինակ է այլ պետությունների համար: Ասում են՝ շախմատը գիտության, սպորտի և արվեստի սինթեզ է: Ես հավատում եմ, որ Հայաստանը նոր քաղաքակրթության բնօրրան է և համոզված եմ, որ այն կսկսի համաշխարհային կրթության նոր փուլ»,- ասաց պրն. Ազմայպարաշվիլին:
Միջազգային կոնֆերանսի նպատակներից մեկն էր մասնագետների դատին ներկայացնել ՀՊՄՀ-ում գործող հետազոտական կենտրոնի կատարած աշխատանքների արդյունքները, և ՀՊՄՀ ռեկտոր պրն. Ռուբեն Միրզախանյանը իր ողջույնի խոսքում շեշտեց ՀՊՄՀ-ի և այլ գործընկերների միջև համագործակցության և դրա արդյունքում ձեռք բերված նվաճումների կարևոր դերը: Նա նաև խոսեց ՀՊՄՀ Շախմատի և սպորտի ամբիոնի և «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն»-ի կատարած աշխատանքի մասին, որն ուղղված է շախմատի մասսայականացմանը:
Իր խոսքում ՖԻԴԵ-ի «Շախմատը դպրոցում» հանձնաժողովի նախագահ Քեվին Օ'Քոննելը իր հերթին ամփոփեց տարբեր երկրներում, այդ թվում Իտալիայում, Միացյալ Թագավորությունում, Լեհաստանում կատարված հետազոտությունների արդյունքները, որոնց մի մասը արձանագրել են հաջողություններ, իսկ որոշները, ցավոք, ձախողվել են:
Երկօրյա կոնֆերանսի ընթացքում հոգեբանները, սոցիոլոգները, մեթոդիստները և շախմատի մարզիչները ներկայացրեցին իրենց զեկուցումները, որոնք բաժանված էին ըստ հետևյալ թեմաների՝
- Շախմատային կրթություն և անձի զարգացում,
- Շախմատի ուսուցման սոցիալ-հոգեբանական հիմնախանդիրներ,
- Շախմատի ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման հիմնախնդիրներ,
- Շախմատի ուսուցման տեխնոլոգիական և մեթոդական կողմեր,
- Շախմատը և ներառական կրթության պրակտիկան
Կարևոր է նշել, որ «Հայկական վիրտուալ քոլեջ» ծրագրի (AVC) ներայացումը, որը իրականացվել է ՀԲԸՄ-ի հովանավորությամբ, մեծ ազդեցություն գործեց հատկապես կոնֆերանսի մասնակից արտասահմանցի ներկայացուցիչների վրա, քանի որ այս նախագիծը հնարավորություն է ստեղծում առցանց համագործակցության համար՝ պայմաններ ստեղծելով շախմատը հասանելի դարձնելու բոլորի համար:
Զեկույցների ներկայացմանը հաջորդեց «Հարց ու պատասխան»-ի փուլը, որն անցավ լարված մթնոլորտում և ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, ինչը կարող է հիմք ստեղծել միջազգայի համագործակցության համար և նոր, մեծ ձեռնարկումների սկիզբ հանդիսանալ:
Կոնֆերանսի երկրորդ օրը` զեկուցումների ավարտից հետո, բոլոր մասնակիցները ներգավվեցին կլոր-սեղան քննարկման մեջ և կիսվեցին իրենց մտահոգություններով` ոլորտի հիմնախնդիրների, ինչպես նաև միացյալ ջանքերով առկա խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ: Քննարկումները ապացուցեցին, որ բոլոր մասնագետներն ունեն նույն տեսլականը կապված «Շախմատը դպրոցում» ծրագրի զարգացման հետ:
Ինչպես նշեցինք, կոնֆերանսի երկրորդ օրը լի էր լարված քննարկումներով և գաղափարների փոխանակմամբ, որից հետո մասնակիցներն այցելեցին Կեչառիսի վանական համալիր: Կոնֆերանսի վերջին օրն ավարտվեց գալա ընթրիքով և այն ակնկալիքով, որ Հայաստանը շուտով կրկին կհավաքի մասնագետներ աշխարհի տարբեր կողմերից՝ քննարկելու «Շախմատը դպրոցում» ծրագրի հնարավոր զարգացումները և անելու հնարավորը` խթանելու միջազգային համագործակցությունը այս ոլորտում:
Ավելի մանրամասն տեղեկատվության և լուսանկարների համար կարող եք այցելել կոնֆերանսի պաշտոնական կայքէջ` www.iccs2016.chessacademy.am.