ChessAcademy.am

Դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադա` Երևանյան 3-րդ փուլ

2018-03-22

Մարտի 20-21-ը տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցեցին ընտրական փուլերը հաղթահարած 10 դպրոցական թիմեր, իսկ Երևանի համայնքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 171 կրթական հաստատությունների թիմեր: 

Ավանդույթի համաձայն եզրափակիչ փուլն անցկացվեց Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում: 

Համառ պայքարում առաջին հորիզոնականը 27 թիմային միավորով զբաղեցրեց «Ուսում» հանրակրթական դպրոցի թիմը: Հաղթող թիմի կազմում հանդես էին գալիս Էդուարդ Հակոբյանը, Արտակ Ալիխանյանը, Ժորես Միտոյանը և Միլենա Ադաշյանը: Հակոբյանը, Ալիխանյանը և Միտոյանը 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր, իսկ Ադաշյանն իր ակտիվում գրանցեց 6 միավոր: 

Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցի թիմը առաջատարից հետ մնաց միայն կես միավորով և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Արծաթե մեդալները նվաճած թիմի կազմում հանդես էին գալիս Արամ Վարդանյանը, Արթուր Նադարյանը, Արման Հայրապետյանը և Վերոնիկա Խաչատրյանը: Թիմի կազմում պետք է առանձնացնենք Վերոնիկա Խաչատրյանի ելույթը, ով 9 հնարավորից վաստակեց 9 միավոր, ինչն առաջնության լավագույն արդյունքն է: 

Համար 135 հիմնական դպրոցի թիմը 21 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Թիմի կազմում էին Արգիշտի Պետրոսյանցը, Տիգրան Շահինյանը, Նարեկ Սարգսյանը և Անժելա Կարապետյանը: 

Հարկ է նշել, որ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը անհատական հանդիպումներում առավելության հասան հաղթող թիմի նկատմամբ: 

Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին և հաղթող թիմերին պարգևատրեցին Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը և Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

 




Developed by LAB64 LLC