ChessAcademy.am

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում - քննարկում

2017-02-06

Ս/թ. փետրվարի 4-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում - քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանը և Դավիթ Սահակյանը, ՀՊՄՀ պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը և ՀՊՄՀ-ում 2015թ.-ին հիմնադրված Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնի անդամներն ու Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացուցիչները:

Հանդիպման առաջին մասում ՀՊՄՀ դասախոս, Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանը ներկայացրեց կենտրոնի կողմից կատարված հետազոտությունների ամփոփ նկարագիրը, այդ թվում սոցիոլոգների, հոգեբանների և ներառական կրթության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների կողմից մինչ օրս կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաև Կենտրոնի կողմից 2017թ.-ին կատարվելիք հետազոտությունները: Ապա Հայկական վիրտուալ համալսարանի ակադեմիական բաժնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Խալափյանը ներկայացրեց Շախմատի վիրտուալ ուսուցման դասընթացի կառուցվածքը և նպատակները, ինչից հետո ներկայացվեց նաև շախմատի վիրտուալ դասի օրինակ:

Հանդիպման հաջորդ մասում նախարար Լևոն Մկրտչյանը և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը խոսեցին ոլորտի զարգացման իրենց տեսլականի մասին և մինչ օրս արձանագրված արդյունքների մասին, ինչին հետևեց ՀՊՄՀ Շախմատի հետազոտական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակիցների հետ քննարկումը, որի ժամանակ հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները կապված ոլորտում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների հետ:

Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնեց պրն. Մկտչյանին ոլորտի խնդիրների նկատմամբ ցուցաբերած հոգատարության և արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ հանդիպումն անցավ անկաշկանդ մթնոլորտում և հնարավորություն տվեց մասնագետներին ներկայացնելու իրենց տեսակետները:




Developed by LAB64 LLC